AM
30 Հոկտեմբեր 2026 - 15:55 AMT

Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Ամենայն Հայոց կաթողիկոսին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսներին առնչվող քրեական գործի քննությունից ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Համապատասխան գործընթացը նախաձեռնել է արդարադատության նախարարությունը։

Լրատվամիջոցներում տարածված տեղեկություններով՝ կարգապահական վարույթի հարուցումը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկի որոշման հետ, գրում է Sputnik Արմենիան:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկումը նախատեսված է նոյեմբերի 16-ին։

Ավելի վաղ դատավոր Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ իր որոշումը հիմնավորելով այն հանգամանքով, որ փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը ժամանակին ստացել է նույն քրեական գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։ Դատավորի ինքնաբացարկից հետո քրեական գործը վերաբաշխվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝ Սերժ Ռուշանյանին։

Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշում է կայացրել գործը Երևանի քրեական դատարան փոխանցելու վերաբերյալ։ Որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կաթողիկոսին ներկայացված մեղադրանքում հստակ նշված չէ, թե որ վայրում է ընդունվել Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին հայրապետական տնօրինությունը։

Գործը Երևանի քրեական դատարան ուղարկելուց հետո այն մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։ Վերջինս, գործի տարածքային ընդդատության հարցը պարզաբանելու նպատակով, դիմել է Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը որոշել է, որ քրեական գործի քննությունը պետք է իրականացվի Արմավիրի մարզի դատարանում։ Բարձրագույն դատական ատյանը նաև քննադատել է գործը Երևանի քրեական դատարան փոխանցելու որոշումը։

Արդյունքում քրեական գործը կրկին վերադարձվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանի վարույթ։