AM
31 Հոկտեմբեր 2026 - 15:44 AMT

Վահան Բիչախչյանը եռամսյա դադարից հետո կրկին խաղադաշտ է դուրս եկել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն ապաքինվել է վնասվածքից և շուրջ եռամսյա ընդմիջումից հետո վերսկսել ելույթները լեհական «Լեգիայի» կազմում։

27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Լեհաստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակում կայացած «Լեգիայի» և «Գուրնիկի» հանդիպմանը։ Թիմերի միջև մրցավեճն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0։0 հաշվով, հայտնում է Factor.am-ը:

Բիչախչյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին՝ փոխարինման միջոցով միանալով իր թիմակիցներին։

Վահան Բիչախչյանը նախորդ անգամ հանդիպման մասնակցել էր օգոստոսի 2-ին: Վնասվածքի պատճառով կիսապաշտպանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի նախորդ հավաքը: