AM
2 Նոյեմբեր 2026 - 10:32 AMT

Փաշինյանն ԱԺ-ում է․ Քննարկվում է 2027-ի բյուջեն

Ազգային ժողովում մեկնարկել են 2027-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները, որոնց մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի մշակած ֆինանսական փաստաթղթով՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները սահմանվել են 3 տրիլիոն 603․8 միլիարդ դրամի չափով, մինչդեռ ծախսերի համար նախատեսվել է 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։ Արդյունքում բյուջետային պակասուրդը գնահատվել է 468․2 միլիարդ դրամ, հայտնում է Factor.am-ը:

Պետական գանձարանի եկամուտների գերակշիռ մասն ակնկալվում է ձևավորել հարկային մուտքերի և պետական տուրքերի միջոցով։ Մասնավորապես, այդ աղբյուրներից նախատեսվում է հավաքագրել 3 տրիլիոն 462․7 միլիարդ դրամ։

Պաշտոնական դրամաշնորհներից ստացվելիք միջոցները հաշվարկվել են 14․2 միլիարդ դրամ, իսկ եկամուտների մյուս տեսակներից ակնկալվող մուտքերը՝ 126․9 միլիարդ դրամ։

Նախագծով նախատեսվել են նաև բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները։ Ըստ ներկայացված հաշվարկների՝ ներքին աղբյուրներից նախատեսվում է ներգրավել մոտ 187․5 միլիարդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման հաշվին՝ ևս 280․7 միլիարդ դրամ։

Կառավարության ներկայացրած մակրոտնտեսական կանխատեսումներով՝ 2027 թվականին Հայաստանի տնտեսության աճը գնահատվել է 5․8 տոկոս։

Պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները խորհրդարանի մշտական հանձնաժողովներում նախատեսվում է շարունակել մինչև նոյեմբերի 11-ը։ Դրանից հետո ֆինանսական գլխավոր փաստաթուղթը կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը՝ նոյեմբերի 17-ից մեկնարկող խորհրդարանական նիստերի ընթացքում։