AM
2 Նոյեմբեր 2026 - 11:00 AMT

Ստեփանավանի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Ուժեղ Հայաստանի» դիմումը մերժվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նա տեղեկացրել է, որ դիմումը մերժվել է, սակայն կուսակցությունը իր բոլոր հիմնավորումները ներկայացվելու է միջազգային գործընկերին:

«Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.

  1. Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.
  2. Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.
  3. Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.
  4. Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.
  5. Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.
  6. Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրական կարգավորումները, սկզբունքները շրջանցող նոր տեխնոլոգիական հնարքների դիմեց` մոլորեցնելով ընտրողներին և խաբեությամբ ընտրողներից կորզելով նրանց քվեն։ Մասնակից ուժերը հինգն էին, որոնցից մեկն ինքնաբացարկ ներկայացրեց, իսկ 4 ուժից երեքը հաղթահարեցին նվազագույն շեմը։ Քաջ գիտակցելով, որ բավարար չափով քվե չի ստանալու, մոլորեցնելու եղանակով ՔՊ-ն իրենց մեկ այլ թեկնածուի ներկայացրեց «Գործարար» կուսակցությամբ և արձանագրվեց փաստ, որ ստեփանավանցիներն իրենց վստահության քվեն չտվեցին ՔՊ-ին»,- հայտարարել է Մելոյանը:

Նա նշել է, որ որ, իր տեղեկություններով, ավագանիում ՔՊ-ն մտադիր է հանդես գալ ոչ թե «Գործարար» կուսակցության, այլ սեփական կուսակցության անունը կրող խմբակցությամբ, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության մի շարք դրույթների։

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ է գրանցել Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը՝ ստանալով 9 մասնդատ: ՔՊ-ն ստացել է 8 մանդատ, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 4:

Հոկտեմբերի 21-ին տեղեկություններ են հրապարակվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում իրականացված խուզարկությունների և դրանց հետևանքով 14 անձի ձերբակալության մասին, որոնց թվում էր նաև Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։