AM
2 Նոյեմբեր 2026 - 12:24 AMT

Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտում կարգալույծ հոգևորականի կողմից պատարագ մատուցելը

Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտում կարգալույծ հոգևորականի կողմից պատարագ մատուցելը

Նշվում է, որ կարգալույծ անձի կողմից մատուցված «պատարագը» չի կարող դիտվել որպես կանոնական պատարագ

Արագածոտնի թեմը դատապարտել է նոյեմբերի 1-ին Թալինի տարածաշրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցած կրոնական արարողությունը, որը կատարել է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանը՝ նախկինում Հայր Կորյուն անունով հայտնի հոգևորականը։

Նշվում է, որ կարգալույծ անձի կողմից մատուցված «պատարագը» չի կարող դիտվել որպես կանոնական պատարագ:

«Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր: Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։

Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։

Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «պատարագը» չի կարող դիտվել որպես եկեղեցու կողմից կատարվող կանոնական պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։

Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց:

Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց»,- ասված է հայտարարությունում։

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: