AM
2 Նոյեմբեր 2026 - 11:20 AMT

Սպանություն նախապատրաստելու կասկածանքով 3 անձ է կալանավորվել

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է, հայտնում է ՆԳՆ քրեական ոստիկանությունը:

Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։

Փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն։

Հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ։

Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 3 անձ կալանավորվել է։