Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ կամավորների միության (ՀԿՄ) գրասենյակի գործադիր տնօրեն Շարիստան Մելքոնյանին, «Դեպի Հայք» կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Կաբակյանին:
ՀԿՄ-ն հիմնադրվել է 2000 թվականին` Հայաստանի զարգացմանը կամավորական աջակցության ճանապարհով նպաստելու համար: Հիմնադրման օրից արդեն ավելի քան հազար կամավորներ են եղել Հայաստանում` իրենց օգնությունը բերելով ամենատարբեր ոլորտներում:
Ներկաներն ի թիվս այլ հարցերի ներկայացրեցին նաև օրենսդրական այն դժվարությունները, որոնց առնչվում են կամավորները Հայաստանում երկարաժամկետ աշխատելու դեպքում:
Այս ծրագրի շրջանակներում այժմ Հայաստանում է գտնվում տասը կամավոր: Նրանցից է առաջին անգամ Հայրենիք եկած ֆրանսահայ կամավոր Վիգենը, ով հայերենի իր իմացությամբ հիացրեց ու զարմացրեց նախարարին:
Հ.Հակոբյանի հարցին, թե ինչու է Վիգենը սովորել հայերեն, վերջինս պատասխանեց. «Չնայած ծնողներս հայ են, սակայն տանը հայերեն չեն խոսում: Մեծ մայրիկս ու պապս արդեն տարիքով են, նրանց հեռանալու դեպքում, եթե հայերեն չսովորեի, կկորցնեի կապը Հայրենիքիս հետ»:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք շահավետ համագործակցության հնարավոր ուղիները, հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:





