AM
2 Նոյեմբեր 2026 - 12:54 AMT

Խամենեին զգուշացրել է, որ պատասխանն ԱՄՆ-ին «աշխարհագրական սահմանափակումներ» չի ունենալու

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր նոր հարձակումների դեպքում լայնածավալ պատասխան գործողությունների մասին, որոնք «աշխարհագրական սահմանափակումներ» չեն ունենալու:

Նա միջազգային հանրությանը նախազգուշացրել է, որ «ցանկացած աստիճանի կամ ձևի սպառնալիք պետք է արժանանա անհապաղ, արդյունավետ և աշխարհագրական սահմանափակումներ չունեցող պատասխանի», գրում է Euronews-ը:

Նրա հայտարարությունը հնչել է Իրանի հետ նոր լայնամասշտաբ պատերազմը կանխելուն ուղղված հրատապ դիվանագիտական ջանքերի շարունակման պայմաններում։ Նման հակամարտությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար։

Իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին հանդիպել է երկրի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ և հանձնարարել նախապատրաստվել Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից հնարավոր նոր ռազմական գործողություններին։

Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնից նախազգուշացումներ են հնչել Իրանի դեմ կարճատև, սակայն ինտենսիվ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորության մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ նման գործողությունը կարող է սկսվել ԱՄՆ-ում նախատեսված միջանկյալ ընտրություններից հետո։

«Աշխարհագրական սահմանափակումներ չունեցող պատասխանի» մասին սպառնալիքը ենթադրում է, որ նոր հարձակման դեպքում Իրանի հնարավոր թիրախները կարող են ընդգրկել ոչ միայն Եվրոպան, այլև Հարավային Կովկասը»,-գրում է լրատվամիջոցը:

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Խամենեին նաև հանձնարարել է թարմացնել ԱՄՆ-ում և Իսրայելում հնարավոր թիրախների ցանկը՝ դրանում ներառելով «բոլոր տեսակի նյութական և ոչ նյութական ակտիվները»։ Նշվում է, որ Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվել փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ցանկացած նոր պատերազմի տևողությունը որոշելու է հենց Թեհրանը։

«Եթե Իրանի թշնամիները վերսկսեն ռազմական կամ ահաբեկչական հարձակումները, ապա հենց Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու Իրանի ժողովուրդը կորոշեն, թե երբ և ինչ պայմաններով կավարտվեն այդ հարձակումները»,-հայտարարել է Խամենեին։

Իրանական պետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շաբաթօրյա հանդիպմանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, Իրանի բանակի հրամանատարն ու գլխավոր շտաբի պետը գերագույն առաջնորդին զեկուցել են երկրի ռազմական պատրաստվածության մակարդակի մասին։ Նրանք նաև տեղեկացրել են, որ Իրանում սպառազինությունների արտադրությունն ավելացել է «յոթ անգամ»։

Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնը՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը, գնահատել է, որ Խամենեիի սպառնալիքները «հավանաբար Իրանի՝ ԱՄՆ-ին և Իսրայելին իր տարածքին հարվածներ հասցնելուց զսպելու ջանքերի մի մասն են»։

Միևնույն ժամանակ, չնայած Թեհրանի շարունակական սպառնալիքներին և կոշտ հռետորաբանությանը, Իրանի արտաքին գործերի նախարարն ու անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան դրական տեղաշարժերի մասին ազդակներ են փոխանցել Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ ընթացող անուղղակի բանակցությունների վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կարող է համաձայնել Հորմուզի նեղուցը վերաբացել ընդամենը երկու օրվա ընթացքում՝ նախկինում նշված յոթնօրյա ժամկետի փոխարեն։

Նախորդ ամիս Արաղչին առաջարկել է մեկ շաբաթվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, ապասառեցնել Իրանի ակտիվները և հրաժարվել իրանական նավթի վաճառքի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից։ Առաջարկը ներառել է նաև այլ պայմաններ, սակայն ամերիկյան կողմը մերժել է այն։

Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Արաղչին հայտնել է, որ Իրանը չի նախատեսում հանդիպումներ անցկացնել ամերիկացի պաշտոնյաների հետ։ Այդուհանդերձ, նա Վաշինգտոնի՝ «ավելի լայն երկխոսության» հասնելու վերջին նախաձեռնությունները գնահատել է որպես դրական զարգացում։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ բանակցությունների ուղղակի կամ անուղղակի ձևաչափի վերաբերյալ որոշումը կկայացվի «հենց որ Վաշինգտոնը համաձայնի Իրանի պայմաններին»։

Այս զարգացումներին զուգահեռ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսից նամակ է ստացել, որում առաջարկվել է բանակցություններ սկսել։

Անդրադառնալով նամակի բովանդակությանը՝ Ռեզային նշել է, որ «տոնայնությունն ամբողջությամբ փոխվել է»՝ այն բնութագրելով որպես «շատ լավ ազդակ»։ Աբբաս Արաղչին ևս Վաշինգտոնի՝ երկխոսություն սկսելու փորձը որակել է որպես «դրական քայլ»։

Ռեզային հատուկ ուշադրություն է հրավիրել Իրանի առաջադրած պայմաններից մեկի կարևոր փոփոխության վրա։ Նրա ներկայացմամբ՝ Հորմուզի նեղուցի վերաբացումից հետո նավերը պետք է շարժվեն Իրանի և Օմանի միջև համաձայնեցված երթուղով։ Միաժամանակ նա շեշտել է, որ «յուրաքանչյուր ոք, ով անցնում է այս ջրային ուղով, դա անելու է Իրանի վերահսկողության ներքո»։

Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ Թեհրանն այժմ սպասում է Միացյալ Նահանգների հերթական պատասխանին։ Միևնույն ժամանակ Ռեզային X սոցիալական հարթակում նախազգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհանգեցնի «նոր զինատեսակների կիրառմամբ ագրեսորին հասցվող կործանարար հարվածների»։

Ռեզային, որի՝ Իրանի գերագույն առաջնորդի հետ նախորդ շաբաթ կայացած հանդիպման մասին տեղեկացրել են պետական լրատվամիջոցները, անդրադարձել է նաև երկրի միջուկային քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ Իրանի միջուկային դոկտրինը փոխելու որոշում չի ընդունվել։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ Իրանում որոշ շրջանակներ արդեն հարց են բարձրացնում՝ արդյոք անհրաժեշտ չէ վերանայել երկրի միջուկային դոկտրինը, եթե Իրանը կրկին ենթարկվի ռազմական հարձակման։