Կանադան և ԵՄ-ն նպատակադրվել են մինչև 2027-ի հունիսը համաձայնության հասնել Կանադային ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրել։ Այդ մասին Մոնրեալում կայացած երկկողմ գագաթնաժողովի ավարտից հետո հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Առաջարկվող կարգավիճակը կարող է աննախադեպ դառնալ Եվրամիության պատմության մեջ, քանի որ նման անդամակցության ձևաչափ ԵՄ հիմնադիր պայմանագրերով նախատեսված չէ։ Նախաձեռնության նպատակը երկու գործընկերների հարաբերությունների խորացումն է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքականություն, ծրագրեր և կառավարում։ Միևնույն ժամանակ նոր կարգավիճակի գործնական նշանակությունն ու կիրառման մեխանիզմները դեռ պետք է համաձայնեցվեն, հայտնում է Deutsche Welle-ն:
Գագաթնաժողովից առաջ Գերմանիան առարկել է համատեղ հայտարարության շուրջ բանակցություններում «ասոցացված անդամ» եզրույթի կիրառման դեմ։ Արդյունքում վերջնական փաստաթղթում այդ ձևակերպումը փոխարինվել է «ավելի ու ավելի սերտ ասոցացում» արտահայտությամբ։ Չնայած դրան՝ Քարնին շարունակում է պաշտպանել առաջարկվող կարգավիճակի գաղափարը։
«Մենք աշխատում ենք հնարավորինս խորը գործընկերություն կառուցելու ուղղությամբ՝ առանց անդամակցության հասնելու, ինչը կապված է մեր աշխարհագրական դիրքի հետ, և Կանադան կդառնա Եվրամիության առաջին ասոցացված անդամը։ Առաջիկա ամիսներին մենք կսահմանենք անդամակցության այս նոր ձևի ամբողջական բովանդակությունը, մասշտաբներն ու ընդգրկումը»,– եզրափակիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Քարնին։
Նրա հետ համամիտ է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը դեռ սեպտեմբերին ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքների համար անսպասելի առաջարկ է ներկայացրել՝ Կանադային դարձնել միության պատմության մեջ առաջին ասոցացված անդամը։ Մինչ այդ նախաձեռնությունը լայն քննարկման առարկա չէր դարձել անդամ պետությունների միջև։
Ֆոն դեր Լայենի հայտարարության պահին դահլիճում ներկա Քարնին սկզբնական շրջանում զգուշավոր վերաբերմունք էր ցուցաբերել առաջարկի նկատմամբ։ Այդ դիրքորոշումը պայմանավորված է եղել Կանադայի ինքնիշխանության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններով, սակայն հոկտեմբերի 30-ին Կանադայի վարչապետը բացահայտորեն պաշտպանել է առաջարկվող ձևակերպումը։
«Այսօր մենք շարժվում ենք դեպի Կանադայի ասոցացված անդամակցություն և ապագայի համար նոր միություն ենք ձևավորում, որը թե՛ այժմ, թե՛ հետագայում արդյունքներ կապահովի ընդհանուր արժեքներ ունեցող երկրների համար։ Մենք դեռ միայն սկզբում ենք»,– նշել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հնարավոր համագործակցության անմիջական առավելություններին։ Դրանց թվում նա առանձնացրել է Կանադայի լիարժեք ներգրավումը Horizon և Erasmus ծրագրերում, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու նպատակով նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային մեխանիզմը։
Մոնրեալի գագաթնաժողովի ընթացքում կողմերը նաև պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը թվային առևտրի, էներգետիկայի, ռազմավարական նշանակության հումքի, գերհամակարգիչների, արհեստական բանականության և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտներում։
«Ասոցացված անդամի հայեցակարգը դեռևս չուսումնասիրված տարածք է, սակայն մենք ունենք հավակնություններ, վստահություն և ստեղծագործական ներուժ՝ այն համատեղ ձևավորելու համար։ Եվ որպեսզի լիովին հստակ լինի՝ այս գործընկերությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ծառայում է մեր ընդհանուր հզորացմանը։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից սա գործընկերության բարձրագույն ձևն է»,– հայտարարել է ֆոն դեր Լայենը։
Նախաձեռնության մանրամասները մշակելու նպատակով Եվրահանձնաժողովն ու Կանադայի կառավարությունը գարնանը նախատեսել են կազմակերպել հանձնաժողովի անդամների և կանադական նախարարների համատեղ հանդիպում։
Դրանից հետո ակնկալվում է, որ հունիսին Մարկ Քարնին կմասնակցի Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին, որի ընթացքում էլ հույս ունի ավարտին հասցնել բանակցային գործընթացը։
Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ձեռք բերվելիք համաձայնագիրն ինչ ընթացակարգով պետք է վավերացվի եվրոպական երկրներում։ Կանադայի վարչապետն ավելի վաղ խոստացել է առաջարկը ներկայացնել երկրի խորհրդարանի քվեարկությանը։
Գերմանիայի դիմադրության վերաբերյալ հարցին պատասխանելիս Ուրսուլա ֆոն դեր Լայենը խուսափել է ուղիղ մեկնաբանությունից։ Նա միայն ընդգծել է, որ Եվրամիության անդամ պետությունների շրջանում Կանադայի հետ հարաբերությունների խորացման հարցում առկա է «լայն աջակցություն»։
Հատկանշական է, որ «ասոցացված անդամ» հասկացությունն առաջին անգամ առաջ է քաշել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների համատեքստում։ Սակայն Կիևը մերժել է նման տարբերակը՝ հայտարարելով, որ իր նպատակը ԵՄ լիիրավ անդամ դառնալն է։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների շրջանում ենթադրություններ են առաջացել, որ Բեռլինի դիմադրությունը ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մերցն այդ գաղափարը համարում է սեփական առաջարկը։
«Մենք մեծ հաճույքով կքննարկեինք լիարժեք անդամակցությունը, սակայն դա անհնար է։ Մենք դա գիտենք»,– հայտարարել է ֆոն դեր Լայենը՝ նկատի ունենալով ԵՄ պայմանագրերը, որոնց համաձայն՝ անդամակցությունը նախատեսված է բացառապես եվրոպական պետությունների համար։
Նա շարունակել է. «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, լարված աշխատանքի սկիզբն է։ Մենք ունենք տեսլական։ Մենք ունենք գաղափար։ Պետք է մշակենք շրջանակները։ Պետք է դրանք կյանքի կոչենք»։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, որը ներկայացնում է Եվրամիության անդամ երկրների հավաքական դիրքորոշումը, իր հերթին խուսափել է «ասոցացված անդամ» եզրույթից։ Նա նախընտրել է հավատարիմ մնալ համատեղ հայտարարության մեջ ամրագրված «ավելի ու ավելի սերտ ասոցացում» ձևակերպմանը։
«Մեր հարաբերություններն այնքան առանձնահատուկ են, որ մենք ցանկանում ենք բոլորովին նոր բան ստեղծել՝ դուրս գալով սովորական ասոցացման սահմաններից։ Մեր ասոցացումը կլինի իր տեսակի մեջ ամենասերտը, ամենախորը և ամենայուրահատուկը»,– հայտարարել է Կոշտան։





