Ազգային ժողովում անցկացված խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրության մշակման նախաձեռնությանը և ներկայացրել խմբակցության դիրքորոշումը։
«Վստահ ենք՝ նոր, այսինքն ալիևյան սահմանադրությունը, հանրության շրջանում որևէ աջակցություն չի ստանալու»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն ասել է, որ «Ուժեղ Հայաստանը» միշտ ունի իր պլաններն ու իր օրակարգը։
«Մենք ունենք մեր հստակ օրակարգը՝ ալիևյան սահմանադրությունը տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, հետևաբար մենք այդ օրակարգով ենք առաջնորդվելու»,- ասել է նա։
Ըստ Աբրահամյանի, Հայաստանին այսօր հերթական զիջման պահանջ է ներկայացվում և չկա խաղաղություն:
«Նման ճանապարհով Հայաստանը հեռվանում է խաղաղությունից։ Սա խաղաղություն չէ, սրանք զիջումներ են՝ առանց խաղաղության։ «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի այդ զիջումների անվերջանալի շղթան դադարի։ Հայաստանին պետք է խաղաղություն առանց զիջումների:
Հայաստանն այլևս զիջելու բան չունի։ Ինչ որ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք, բավական է։ Ադրբեջանն ամեն անգամ տեսնում է, որ կարող է ևս մեկ բան վերցնել։ Չի բացառվում, որ Սահմանադրությունից հետո Ադրբեջանը նոր պահանջներով հանդես կգա»,- ասել է Աբրահամյանը։





