Հայաստանի կենտրոնական բանկը նոյեմբերի 3-ից շրջանառության մեջ է դնում անվանի գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը, որի թողարկման ընդհանուր քանակը կազմում է 300 հատ։
Հուշադրամի գեղարվեստական ձևավորման համար ընտրվել են Գրիգոր Խանջյանի հայտնի ստեղծագործություններից հատվածներ։ Մասնավորապես, դիմերեսին տեղ է գտել նկարչի «Լեռներում» կտավի պատկերը։
Դարձերեսին ներկայացված է արվեստագետի դիմանկարը, ինչպես նաև հատված նրա «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական ստեղծագործությունից։
Կենտրոնական բանկի հրապարակած տեխնիկական տվյալների համաձայն՝ արծաթե հուշադրամի անվանական արժեքը սահմանվել է 100 դրամ։ Դրա քաշը 28․28 գրամ է, իսկ չափերը՝ 28×40 միլիմետր։ Հուշադրամը պատրաստվել է լավացված որակով և ունի հարթ դրամաշուրթ։
Դիմերեսի էսքիզի հեղինակը Լուսինե Լալայանն է, դարձերեսինը՝ «ԷՄՔԵՅ» ՍՊԸ-ն։ Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում։





