Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը նախատեսվում է նվազեցնել 6․4 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ վարչապետի աշխատակազմի համար նախատեսվող ծախսերը հաջորդ տարի կնվազեն 1․6 միլիարդ դրամով կամ 6․4 տոկոսով՝ կազմելով 24 միլիարդ 250 միլիոն 396 հազար դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:
Մասնավորապես, պետական հատվածի արդիականացման ծրագրին ուղղվող ֆինանսական միջոցները կպակասեն 2․1 միլիարդ դրամով։ Միաժամանակ ընթացիկ գործունեության և արարողակարգային միջոցառումների համար նախատեսված հատկացումները կկրճատվեն 630 միլիոն դրամով՝ հասնելով 7․2 միլիարդ դրամի։
Փոխարենը նախատեսվում է էապես մեծացնել միջազգային դատական ատյաններում ՀՀ շահերի պաշտպանության համար տրամադրվող ֆինանսավորումը։ Այս ուղղությամբ 2027 թվականին կհատկացվի 4․75 միլիարդ դրամ, ինչը 2026 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 870 միլիոն դրամով։
Բյուջեի նախագծով ֆինանսավորման աճ է նախատեսվել նաև ՀՀ նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմերի համար։ Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղվող միջոցները կավելանան մոտ 11 տոկոսով՝ հասնելով 1․79 միլիարդ դրամի։ Խորհրդարանի ծախսերի համար նախատեսված գումարն իր հերթին կաճի 8․5 տոկոսով և կկազմի 7․59 միլիարդ դրամ։
Երկու պետական կառույցների դեպքում էլ բյուջետային հատկացումների ավելացումը ներառում է ընթացիկ գործունեության և ներկայացուցչական նպատակներով նախատեսված ծախսերի որոշակի աճ։





