Հայաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է առաջիկայում ՔԿՀ-ներում արգելել դատապարտյալների հարազատների կողմից հանձնուքների փոխանցումը, փոխարենը ՔԿՀ–ներում ապահովել պատշաճ սննդի մատակարարում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
«Մոտ ապագայում միտք ունենք հրաժարվել հանձնուքների ինստիտուից առհասարակ։ Դա ընդունելի փորձ է առաջատար երկրներում, միայն պոստսովետական երկրներում են դրանք ընդունված եղել»,– նշել է նա` ավելացնելով, որ սա նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու մեթոդներից մեկն է, հայտնում է Sputnik Արմենիան:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև քրեակատարողական հիմնարկներում արդեն գործող սահմանափակումները, որոնք ուղղված են դատապարտյալների շրջանում քրեական ենթամշակույթին բնորոշ հարաբերությունների ձևավորման կանխարգելմանը։
Նրա խոսքով՝ ներկայում արգելվում է որոշակի տեսակի միատեսակ ապրանքների և սննդամթերքի մեծաքանակ փոխանցումը։ Որպես օրինակ նախարարը մատնանշել է խորովածի մեծ չափաբաժինների ընդունման սահմանափակումը։
Այս մոտեցման նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր դատապարտյալ հանձնուքը ստանա բացառապես անձնական օգտագործման համար, այլ ոչ թե այն բաժանի կամ հյուրասիրի քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձանց։ Նման սահմանափակումները կոչված են կանխելու քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծի դրսևորումները։
Արդարադատության նախարարն անդրադարձել է նաև ՔԿՀ-ներում անվտանգության և կարգապահության ապահովման նպատակով արդեն իրականացված միջոցառումներին։
Գալյանը հիշեցրել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ուժեղացնելու և հիմնարկներում կարգուկանոնի նկատմամբ վերահսկողությունը բարելավելու նպատակով տեղադրվել են տեսահսկման սարքեր։
Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի միջոցով քրեակատարողական հիմնարկների տարածք տարբեր առարկաներ փոխանցելու հնարավորությունը սահմանափակելու ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվել։
Մասնավորապես, Արմավիր քրեակատարողական հիմնարկի տարածքը ցանցապատվել է՝ դրոնների միջոցով արգելված կամ այլ առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով։





