Կենսաչափական փաստաթղթերի տրամադրման նոր համակարգի ներդրման շրջանակում Գյումրիում պաշտոնապես բացվել է «ՀայՓաս» ընկերության գրասենյակը, որն արդեն սպասարկել է իր առաջին այցելուներին։ Միաժամանակ հանրապետության մարզերում գործարկվել են ընկերության ևս 11 սպասարկման կենտրոններ, հայտնում է ներքին գործերի նախարարությունը:
Գյումրիի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը և «ՀայՓաս» ընկերության տնօրեն Ռեջիս Բուշյեն։
Ռեջիս Բուշյեն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները, ինչպես նաև տվյալների անվտանգությունն ապահովող լուծումները։
Ներկաները շրջել են գրասենյակում, ծանոթացել կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերին, զրուցել աշխատակիցների հետ և մաղթել արդյունավետ աշխատանք։





