Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի տանելու համար նախատեսված շեմն ապագայում կիջեցվի, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ: Նա այդպես է պատասխանել լրագրողների այն հարցին, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է այդ նախագծին` որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե այնպիսի բան է առաջարկելու, որից ընդդիմությունը չի հրաժարվի, հայտնում է Sputnik Արմենիան:
Գործող կարգավորումների համաձայն՝ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ստանալ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։
Սրբուհի Գալյանը չի հստակեցրել, թե նախատեսվող փոփոխություններից հետո որքան կկազմի համապատասխան շեմը։ Սակայն նա տեղեկացրել է, որ այդ հարցն արդեն ներառված է մշակվող սահմանադրական նախագծում։
Նախարարի փոխանցմամբ՝ փաստաթղթում նախատեսվել է նաև առավել ամուր իրավական կարգավորում, որը ներկայացվելու է որպես ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն։
«Նոր Սահմանադրության ընդունումից հետո նույնպես Սահմանադրությունը փոփոխել հնարավոր կլինի միայն հանրաքվեով»,– հայտարարել է նա` հստակեցնելով, որ ոչ թե Ազգային ժողովի հաստատման կարիք չի լինի, այլ հանրաքվեի դնելու համար կլինի որոշակի շեմ։
Գալյանը պարզաբանել է, որ նախատեսվող համակարգով խորհրդարանն այլևս հնարավորություն չի ունենա ինքնուրույն փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։ Փոխարենը Ազգային ժողովը կպահպանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու իրավասությունը։ Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների վերջնական հաստատման հարցը վերապահվելու է քաղաքացիներին՝ համաժողովրդական քվեարկության միջոցով։
«Քանի որ Սահմանադրությունն ընդունում է ժողովուրդը և իրականում այդ մեխանիզմն ավելի բարդ է, քան ԱԺ կողմից փոփոխություններ անելը, ապա թող որոշի ժողովուրդը»,– նշել է Գալյանը։
Արդարադատության նախարարն անդրադարձել է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատություններին:
«Սահմանադրության նախագիծը շատ բալանսավորված է լինելու, իսկ ընդդիմությունը շատ բան է ասում գլուխը պատին է տալիս, հերիք եղավ, բոլ եղավ։ Հեր՛իք է, բա՛վ է, սա մեր ներքին գործն է ու ուզում ենք, որ ժողովուրդը որոշի։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում նրանց ասածները»,– ընդգծել է Գալյանը արձագանքելով ընդդիմության այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններն արվում են Բաքվի թելադրանքով։
Ըստ նրա` հանրաքվեն կարող է կայանալ միայն նախագծի մանրակրկիտ, լայն հանրային քննարկումներից հետո. ոչ մի վերջնաժամկետ չկա։
Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իշխանությունը պատրաստվում է առաջարկել սահմանադրական փոփոխությունների այնպիսի նախագիծ, որը կարող է ընդունելի լինել նաև ընդդիմության համար։ Վարչապետը միաժամանակ նշել է, որ իշխանությունն ունի հասարակական ճնշում ձևավորելու հնարավորություն, որի արդյունքում ընդդիմադիր պատգամավորները կարող են ստիպված լինել կողմ քվեարկել ներկայացված նախաձեռնությանը։
Նոյեմբերի 2-ին Փաշինյանն ասել է, որ նախատեսվում է պարզել՝ արդյոք նոր Սահմանադրության ընդունումը բավարար կլինի Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղություն հաստատելու համար։





