Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում խոշտանգված և գլխատված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով կայացված վճիռը։
«Ադրբեջանը բողոք էր ներկայացրել այդ վճռի դեմ՝ ակնկալելով վերանայել արձանագրված խախտումները։ Սակայն նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատի հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը։ Փաստացի, հունիսի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ՝ դառնալով կարևոր նախադեպ նմանատիպ գանգատների քննության համար։
Այս վճիռը ոչ միայն արդարության վերականգնման կարևոր քայլ էր կոնկրետ տուժողների համար, այլև հստակ ուղերձ, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները չեն կարող անպատիժ մնալ, իսկ միջազգային արդարադատության միջոցով դրանց արձանագրումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ ապագա խախտումների կանխարգելման համար»,- ընդգծել է զինծառայողի գործով գանգատ ներկայացրած խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը, հայտնում է Factor.am-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի առաջին օրը։ Այդ օրվա կեսօրին 31-ամյա Հայկ Թորոյանը և 68-ամյա Հրանտ Ղարիբյանը, որը պայմանագրային զինծառայող էր և կատարում էր վարորդի պարտականություններ, դուրս են եկել զորամասից՝ զինամթերք հասցնելու Թալիշ գյուղից մոտ երկու կիլոմետր հյուսիս տեղակայված ռազմական հրամանատարական կետ։ Ճանապարհին նրանք հայտնվել են շրջափակման մեջ և ենթարկվել կրակահերթերի։ Ստեղծված իրավիճակում Թորոյանը հասցրել է հաղորդագրություն ուղարկել իր ծառայակից ընկերոջը՝ տեղեկացնելով տեղի ունեցածի մասին։
Հրանտ Ղարիբյանի դին հայտնաբերվել է նույն օրը՝ ապրիլի 2-ին, մոտավորապես ժամը 16։00-ին։ Հայկ Թորոյանը, մինչդեռ, ենթարկվել է առանձնակի դաժան խոշտանգումների։
Գործի նյութերի համաձայն՝ զինծառայողին նախ դուրս են բերել բեռնատար ավտոմեքենայից, այնուհետև կտրել նրա երկու ձեռքերը՝ սկզբում աջը, հետո՝ ձախը։ Սակայն փորձագիտական տվյալներով՝ այդ վնասվածքները չեն հանդիսացել զինծառայողի մահվան անմիջական պատճառը։ Մահվան պատճառ է դարձել գլխատումը, որն իրականացվել է այն ժամանակ, երբ Թորոյանը դեռ ողջ է եղել։
Մասնավորապես, արձանագրվել է, որ նրա գլուխը «տրավմատիկ կերպով առանձնացվել էր, երբ նա դեռ կենդանի էր, մահից վայրկյաններ առաջ, և հենց դա էլ հանգեցրել է մահվան»։





