Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում կկայանա տարածաշրջանային խորհրդակցական «3+3» ձևաչափի հերթական հանդիպումը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում:
«Հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը: Հուսով ենք, որ մոտ ապագայում տեղի կունենա այդ ձևաչափով հերթական հանդիպումը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խորհրդակցական հարթակի առաջին նիստը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում։ Այն անցկացվել է մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Երկրորդ հանդիպումը կազմակերպվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Դա նաև ձևաչափի շրջանակում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացված առաջին հանդիպումն է եղել։
«3+3» հարթակի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։
«3+3» վեցակողմ խորհրդակցական ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը ներկայացվել է 2020 թվականի վերջին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Նախաձեռնության նպատակն է եղել համագործակցության հարցերի շուրջ խորհրդակցություններ կազմակերպել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ։
Վրաստանը բազմիցս հրավիրվել է միանալու այս հարթակի աշխատանքներին, սակայն մինչ այժմ չի մասնակցել ձևաչափի հանդիպումներին։





