Նոյեմբերի 3-ին Եվրոպայում առնվազն 7 ուղևորատար ինքնաթիռ պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ կեղծ ահազանգեր է ստացել։ Դրանցից չորսը պատկանել են իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությանը։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ սպառնալիքների մասին հաղորդումներ ստացած բոլոր օդանավերն իրականացրել են եվրոպական քաղաքները կապող չվերթներ, հայտնում է Deutsche Welle-ն:
Ահազանգերի թիրախում հայտնված ինքնաթիռներից երկուսը ուղևորվել են Վարշավա, ևս երկուսը՝ Սոֆիա, նույնքան օդանավ՝ Հռոմ, իսկ մեկը՝ Իսպանիայի Մուրսիա քաղաք։
Լեհական LOT ավիաընկերության ինքնաթիռը, որը Լոնդոնից թռչում էր է դեպի Վարշավա, ստիպված է եղել փոխել վայրէջքի վայրը։ Օդանավը մայրաքաղաքի Շոպենի անվան գլխավոր օդանավակայանի փոխարեն ուղղորդվել է մոտակայքում գտնվող Վարշավա-Մոդլին օդանավակայան։
Ինքնաթիռի վայրէջքից հետո անվտանգության ծառայությունները սկսել են օդանավի մանրակրկիտ զննությունը, որի ընթացքում օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Կոպենհագենից Վարշավա ուղևորվող սկանդինավյան SAS ավիաընկերության օդանավը վայրէջք է կատարել Շոպենի անվան օդանավակայանում։ Անվտանգության ստուգումների արդյունքում ինքնաթիռում որևէ վտանգավոր առարկա չի հայտնաբերվել։
Պայթուցիկ սարքերի հնարավոր առկայության մասին հաղորդումներ են ստացվել նաև դեպի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա թռչող երկու օդանավերի վերաբերյալ։ Դրանցից մեկն իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռն է եղել, որը մեկնել է Դուբլինից, իսկ մյուսը՝ հունգարական Wizz Air ընկերության օդանավը, որն իրականացրել է Միլան-Բերգամո օդանավակայանից մեկնարկած չվերթը։
Նմանատիպ սպառնալիքների պատճառով անվտանգության լրացուցիչ ստուգումներ են իրականացվել Ryanair-ի ևս երեք ինքնաթիռներում։ Դրանցից մեկը վայրէջք է կատարել իսպանական Մուրսիայում, իսկ մյուս երկուսը ժամանել են Հռոմ՝ համապատասխանաբար Լիսաբոնից և Դուբլինից։
Reuters-ը հիշեցրել է նաև նոյեմբերի 2-ին տեղի ունեցած նմանատիպ միջադեպի մասին։ Այդ օրը Լոնդոնից Սոֆիա ուղևորվող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Ստեղծված իրավիճակի հետևանքով օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բուդապեշտի օդանավակայանում։ Թռիչքի ընթացքում ուղևորատար ինքնաթիռին ուղեկցել է Հունգարիայի ռազմաօդային ուժերի կործանիչը։ Հետագա ստուգումները ցույց են տվել, որ օդանավում պայթուցիկ նյութերի որևէ հետք չի հայտնաբերվել։
Ավիացիոն անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատմամբ զբաղվող Osprey Flight Solutions խորհրդատվական ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Ռիս Ջոնսը Reuters-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է կեղծ ահազանգերի հնարավոր նպատակներին։
Փորձագետի գնահատմամբ՝ սպառնալիքների աշխարհագրական ընդգրկումը և տարբեր ավիաընկերությունների թիրախավորումը կարող են վկայել, որ դրանց հեղինակները նպատակ են ունեցել խաթարելու ոչ թե առանձին չվերթների, այլ ընդհանուր եվրոպական ավիահաղորդակցության բնականոն աշխատանքը։
«Հստակ արտահայտված թիրախի՝ կոնկրետ պետության, ավիաընկերության կամ երթուղու բացակայությունը ցույց է տալիս, որ նպատակը եղել է ավիահաղորդակցության ընդհանուր խաթարումը»,– Reuters-ին հայտարարել է Ռիս Ջոնսը։
Առայժմ չի հաջողվել պարզել, թե ովքեր են կանգնած պայթուցիկ սարքերի վերաբերյալ տարածված կեղծ հաղորդումների հետևում։ Դրանց հեղինակների ինքնությունն ու հնարավոր շարժառիթները դեռևս անհայտ են։





