Հաքերները խափանել են սուպերմարկետների սառնարանային համակարգերը Եվրոպայի 7 երկրում: Նախնական տեղեկություններով՝ հարձակվողները կիրառել են նույն մեթոդը, որն օգտագործվել էր երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի առևտրային ցանցերի դեմ իրականացված հարձակման ժամանակ։
Նոր միջադեպից տուժել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում գործող Delhaize ցանցի մոտ 40 սուպերմարկետ։ Նմանատիպ խնդիրներ են արձանագրվել նաև Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների և Էստոնիայի մի շարք խանութներում, հայտնում է BBC-ն:
Delhaize-ի սառնարանային համակարգերի սպասարկումն իրականացնող Sabcobel ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Մուլանսը Belga լրատվական գործակալությանը հայտնել է, որ տեղի է ունեցել կիբերհարձակում, որի հետևանքով սառնարանային սարքավորումների գոլորշացուցիչները հեռակա կարգով տեղափոխվել են հալեցման ռեժիմ։
Նրա տեղեկացմամբ՝ ընկերության մասնագետներն ամբողջ գիշեր և առավոտյան աշխատել են վնասված սարքավորումները ցանցից անջատելու ուղղությամբ՝ փորձելով կանխել հետագա խափանումները։
Մուլանսը պարզաբանել է, որ Ֆրանսիայում սառնարանային համակարգերի դեմ նախորդ հարձակումից հետո ընկերությունն արդեն միջոցներ է ձեռնարկել հաճախորդների սարքավորումները հայտնաբերված խոցելիությունից պաշտպանելու համար։
Սակայն խնդրի ամբողջական լուծման համար միայն ծրագրային ապահովման թարմացումները բավարար չեն եղել։ Անհրաժեշտ է դարձել նաև սարքավորումների ֆիզիկական փոփոխություն իրականացնել։
«Ամենապարզ լուծումը սառնարանները պաշտպանված ինտերնետային կապի միջոցով կառավարելն է։ Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպից հետո մեր հաճախորդների մեծ մասն անցել է այդ եղանակին»,– հավելել է նա։
Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Հոյլարտ համայնքում գործող Delhaize սուպերմարկետի ներկայացուցիչները Het Laatste Nieuws լրատվական պորտալին տեղեկացրել են, որ միջադեպի հետևանքով կորցրել են 100 հազար եվրոյի սննդամթերք։
Կիբերհարձակումներից տուժել են նաև բելգիական այլ առևտրային ցանցեր։ Colruyt Group ընկերության ներկայացուցիչը, որը Բելգիայում ֆրանշիզային սկզբունքով կառավարում է Spar խանութները, հաստատել է, որ հարձակումները վնասել են ցանցի հինգ խանութների սառնարանային համակարգերը։
Carrefour սուպերմարկետների ցանցից ևս հայտնել են, որ միջադեպն անդրադարձել է իրենց 15 առևտրային կետերի աշխատանքի վրա։
Շվեդիայում նույնպես սառնարանների ջերմաստիճանի անսովոր փոփոխություններ են գրանցվել։ Խնդրի մասին տեղեկացրել են ICA և Coop մթերային խանութների ցանցերը։
Շվեդիայի հարավում գտնվող Շյոբու քաղաքի ICA սուպերմարկետներից մեկի աշխատակիցները սոցիալական ցանցերում հայտնել են, որ գիշերվա ընթացքում «հաքերները» փոխել են սառնարանների և սառցարանների կարգավորումները՝ ջերմաստիճանը հասցնելով մինչև Ցելսիուսի 50 աստիճանի։
Խանութը որոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը, սակայն հետագայում կրկին բացվել է գնորդների համար։
ICA ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ միջադեպը վերաբերել է կենտրոնական ցանցից անկախ գործող ընկերության «փոքր թվով խանութների»։
«Ներկայում ICA-ն աջակցում է տուժած խանութներին՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում»,– տեղեկացրել են ընկերությունից։
Շվեդիայում կիբերհարձակման հետևանքներ են արձանագրվել նաև Coop ցանցի 800 խանութներից յոթում։ Սակայն ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ «իրավիճակը տեղայնացվել է և գտնվում է վերահսկողության տակ»։
Իռլանդիայում սառնարանային համակարգերի խափանումներն անդրադարձել են SuperValu ցանցի 13 սուպերմարկետների վրա։
Ցանցի սեփականատեր Musgrave Group ընկերության ներկայացուցիչը Irish Times պարբերականին հաստատել է, որ «կիբերմիջադեպը» վնասել է սառեցման համակարգերը։ Միաժամանակ նա հստակեցրել է, որ խնդիրը վերաբերել է սառնարանային սարքավորումների միայն «որոշակի մոդելի»։
Նիդերլանդներում կիբերհարձակման են ենթարկվել առնվազն 17 ընկերությունների սառեցման և խորը սառեցման համակարգերը։ Տուժածների թվում են հայտնվել մսի վաճառքով զբաղվող խանութներ և բնակելի թաղամասերում գործող փոքր առևտրային կետեր։
Էստոնիայում ևս առնվազն մեկ խանութ է տուժել։ Խոսքը Selver առևտրային ցանցին պատկանող սուպերմարկետի մասին է, որտեղ հաքերները սառնարանային ցուցափեղկերից մեկի ջերմաստիճանը սահմանել են +50 աստիճան։
Postimees լրատվական պորտալի փոխանցմամբ՝ կիբերհարձակումը հաջողվել է դադարեցնել մոտ տասը րոպեում։ Արդյունքում խանութի ապրանքներն ու հաճախորդները չեն տուժել։
Միաժամանակ Էստոնիայի Err լրատվական պորտալը մեջբերել է սառնարանային համակարգերի արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Kitman Coldtech ընկերության ղեկավար Յան Մուտսոյի հայտարարությունը։ Վերջինս տեղեկացրել է, որ երկրում տեղի ունեցած միջադեպը միակը չի եղել։
«Մենք դեռ հստակ չգիտենք բոլոր մանրամասները, սակայն Էստոնիայում հարձակման են ենթարկվել նաև այլ հաճախորդներ, ոչ միայն մերը։ Այսօր առավոտյան»,– ասել է նա։
Նմանատիպ լայնածավալ կիբերհարձակում ավելի վաղ՝ հոկտեմբերի կեսերին, տեղի է ունեցել Ֆրանսիայում։ Այդ ժամանակ հաքերների գործողությունների հետևանքով խափանվել են Coopérative U ցանցի ավելի քան 100 սուպերմարկետի, ինչպես նաև Intermarché ցանցի և վերջինիս պատկանող Netto ապրանքանիշի 180 խանութի սառնարանային համակարգերը։
Ֆրանսիայում գրանցված հարձակումը հանգեցրել է սննդամթերքի զանգվածային փչացման, որի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է միլիոնավոր եվրոներ։ Նշված կիբերհարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 12-ի գիշերը։





