Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը ներկայացրել է ներգաղթային օրենսդրության խստացման ծրագիր, որով օրինական ներգաղթյալների մեծամասնությունը մշտական բնակության իրավունք ստանալու համար ստիպված կլինի երկրում ապրել առնվազն 10-ը տարի՝ ներկայիս 5-ի փոխարեն։ Անօրինական ներգաղթյալների և փախստականների որոշ խմբերի համար սպասման ժամկետը կարող է հասնել քսան կամ նույնիսկ երեսուն տարվա։
Բրիտանական մշտական բնակության կարգավիճակը՝ ILR (indefinite leave to remain), անձին հնարավորություն է տալիս անժամկետ բնակվել, աշխատել կամ կրթություն ստանալ երկրում։ Այն նաև իրավունք է տալիս օգտվել պետական նպաստներից և դիմել սոցիալական բնակարան ստանալու համար, հայտնում է BBC-ն:
Խորհրդարանում ներկայացված նոր նախաձեռնության համաձայն՝ նախատեսվում է սահմանել մշտական բնակության թույլտվության դիմելու տասը տարվա հիմնական ժամկետ։ Փոփոխությունների ուժի մեջ մտնելու հստակ ամսաթիվը դեռ չի հրապարակվել։
Միաժամանակ այդ ժամկետը կարող է ինչպես կրճատվել, այնպես էլ երկարաձգվել՝ կախված ներգաղթյալի տնտեսական ներդրումից, բրիտանական հասարակության մեջ նրա ինտեգրման մակարդակից և երկրին բերած օգուտից։
Նոր համակարգով առավել բարենպաստ պայմաններ են նախատեսվում բարձր եկամուտ ունեցող անձանց համար։ Մասնավորապես, տարեկան 50 հազար ֆունտ ստերլինգից ավելի վաստակող ներգաղթյալները կպահպանեն հինգ տարի բնակվելուց հետո մշտական կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելու հնարավորությունը։ Նշված տարեկան եկամուտը համապատասխանում է ամսական մոտ 3293 ֆունտ կամ 4419 դոլար զուտ աշխատավարձի։
Ավելի բարձր վարձատրվող մասնագետների համար ժամկետը կարող է էլ ավելի կրճատվել։ Տարեկան 125 հազար ֆունտից ավելի եկամուտ ունեցողները, որոնց ամսական զուտ վաստակը մոտենում է յոթ հազար ֆունտի, մշտական բնակության թույլտվության համար կկարողանան դիմել արդեն երեք տարի անց։
Սակայն որոշ կատեգորիաների ներգաղթյալների համար նախատեսվում են էապես ավելի խիստ սահմանափակումներ։ Եթե անձը ստանում է պետական նպաստների որոշ տեսակներ կամ խախտել է վիզային ռեժիմի պահանջները, նրա սպասման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 20 տարի։
Նույնպիսի քսանամյա ժամկետ է նախատեսվում նաև ծովով՝ նավակներով Մեծ Բրիտանիա անօրինական ճանապարհով ժամանած այն անձանց համար, որոնք հետագայում աշխատանքի են անցել կամ սկսել են սովորել։ Կառավարության բարեփոխումների փաստաթղթում այս խմբի ներկայացուցիչները բնորոշվել են որպես փախստականներ։
Իսկ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած և ոչ աշխատող, ոչ էլ կրթություն ստացող ներգաղթյալները մշտական բնակության թույլտվության դիմելու իրավունք ձեռք բերելու համար ստիպված կլինեն սպասել երեսուն տարի։
Բացի բնակության ժամկետից, նոր կարգով սահմանվում են նաև լրացուցիչ պարտադիր պայմաններ։ Մշտական կարգավիճակի հավակնող անձը չպետք է ունենա դատվածություն կամ պարտքեր բրիտանական պետության նկատմամբ։ Նա պարտավոր կլինի առնվազն վերջին երեք տարիներին հարկեր վճարած լինել, հանձնել անգլերենի իմացության քննություն, ինչպես նաև հաջողությամբ անցնել արդեն գործող «Life in the UK» թեստը, որը ստուգում է Մեծ Բրիտանիայի օրենսդրության, պատմության և մշակույթի վերաբերյալ գիտելիքները։
Շաբանա Մահմուդը խորհրդարանում հայտարարել է, որ առաջարկվող սահմանափակումները բրիտանական պետությանը հնարավորություն կտան միլիարդավոր ֆունտեր խնայել ներգաղթյալներին տրամադրվող սոցիալական նպաստների հաշվին։
Այդուհանդերձ, բրիտանացի քաղաքական վերլուծաբանները ուշադրություն են հրավիրել նախաձեռնության քաղաքական դրդապատճառների վրա։ Նրանց գնահատմամբ՝ ներգաղթի կրճատումը իշխող Լեյբորիստական կուսակցության համար կարևոր նշանակություն ունի ոչ այնքան հնարավոր ֆինանսական խնայողությունների, որքան աջ պոպուլիստական Reform UK կուսակցության աճող ազդեցության պատճառով։
Վերջինիս քաղաքական օրակարգում ներգաղթի խնդիրը զբաղեցնում է առանցքային տեղ, և այդ ուժի հետ մրցակցությունը լեյբորիստների համար դարձել է լուրջ մարտահրավեր։
Քաղաքական մեկնաբան Քրիս Մեյսոնը հիշեցրել է, որ դեռ նախորդ տարի Շաբանա Մահմուդը հանդես է եկել ներգաղթային քաղաքականության փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Նախարարն այդ ժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2021-2024 թվականներին Մեծ Բրիտանիայի բնակչությունը ներգաղթի, հիմնականում օրինական ներգաղթի, հաշվին ավելացել է 2․6 միլիոնով։
«Մեր երկրի մոտավորապես յուրաքանչյուր երեսուներորդ բնակիչը ժամանել է այդ չորս տարիների ընթացքում»,– հայտարարել է Մահմուդը։
Նախարարի համոզմամբ՝ կառավարությունը պետք է արագ գործի, քանի որ վերջին տարիներին ժամանած ներգաղթյալների զգալի մասը շուտով ձեռք կբերի մշտական բնակության թույլտվության համար դիմելու իրավունք։
Նա հատկապես մտահոգություն է հայտնել ցածր վարձատրվող ներգաղթյալների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության ծախսերի վերաբերյալ։
«Ցածր վարձատրվող ներգաղթյալները, որոնք իրենց հետ բերում են չաշխատող ընտանիքի անդամների և երեխաների, ամենայն հավանականությամբ, Միացյալ Թագավորությունից զգալի բյուջետային ծախսեր կպահանջեն,– այն ժամանակ ասել է Մահմուդը։ – Հետևաբար ճիշտ կլինի, եթե մենք այդ կատեգորիայի համար ավելի խիստ պահանջներ սահմանենք մինչև նրանց մշտական բնակության իրավունք ստանալը։ Գործող կանոններով նրանք սովորաբար նպաստների և սոցիալական բնակարանի իրավունք են ստանում ժամանելուց հինգ տարի անց»։
«Քանի որ այս կատեգորիայի հիմնական մասը սկսել է ժամանել 2022 թվականից, այդ ժամանակահատվածը կսկսվի 2027 թվականից»,– հիշեցրել է Մահմուդը։
Ներգաղթային քաղաքականության խստացման առաջարկները քննադատության են արժանացել նաև իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում։
Ինչպես հիշեցրել է Քրիս Մեյսոնը, նախաձեռնությանը դեմ արտահայտված ազդեցիկ քաղաքական գործիչների թվում է եղել բնակարանային հարցերի այն ժամանակվա նախարար Անջելա Ռեյները։
Նա հայտարարել է, որ արդեն գործող պայմաններով Մեծ Բրիտանիա ժամանած ներգաղթյալների նկատմամբ հետագայում այլ կանոնների կիրառումը կլինի «ոչ բրիտանական» մոտեցում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ներգաղթի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2023 թվականին, երբ երկիր ժամանածների թիվը մոտեցել է մեկ միլիոնի։
Այդ աճը կապվել է նախկին վարչապետ, պահպանողական և Brexit-ի կողմնակից Բորիս Ջոնսոնի կառավարության վարած քաղաքականության հետ։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտից հետո ԵՄ անդամ երկրների քաղաքացիները կորցրել են երկրում ազատ բնակություն հաստատելու նախկին հնարավորությունը։ Սակայն միաժամանակ Ջոնսոնի կառավարությունը մեղմացրել է վիզային պահանջները աշխարհի մյուս երկրների քաղաքացիների համար։
Վերջին տվյալներով՝ իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության՝ ONS-ի գնահատականներով, զուտ միգրացիայի ցուցանիշը շարունակաբար և արագ տեմպերով նվազել է։
Մասնավորապես, 2025 թվականին զուտ միգրացիան 2024 թվականի համեմատ կրճատվել է երկու անգամ՝ կազմելով ընդամենը 117 հազար մարդ։
Ներկայում Մեծ Բրիտանիայի բնակչությունը կազմում է ոտ 70 միլիոն մարդ։
2004 թվականից՝ Եվրամիության դեպի Արևելյան Եվրոպա լայնածավալ ընդլայնման ժամանակաշրջանից ի վեր, երկրի բնակչությունն ավելացել է գրեթե 11 միլիոնով։ Այդ աճի հիմնական աղբյուրը եղել է ներգաղթը։





