AM
4 Նոյեմբեր 2026 - 13:57 AMT

Ղազարյանը՝ ՆԳՆ բյուջեն 44%-ով ավելացնելու մասին․ Միգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ

Ազգային ժողովում 2027 թվականի բյուջետային հատկացումների քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցեր է ուղղել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ Ներքին գործերի նախարարության ֆինանսավորումը 44 տոկոսով ավելացնելու վերաբերյալ։

«Միգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՝ ՆԳՆ-ն մի քանի հոգու անվտանգությո՞ւն պետք է ապահովի, էդ ինչ է եղել, որ այդպիսի շեշտակի աճ է նախատեսվում»,- հարցրել է Ղազարյանը նախարարին, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորը հիշեցրել է, որ նախորդ տարիներին Ներքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Փրկարար ծառայությունը, ֆինանսական աջակցություն է ստացել նաև միջազգային աղբյուրներից։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք պետական բյուջեի պլանավորման ընթացքում ուսումնասիրվում և հաշվառվում են արտասահմանից ստացվող ֆինանսական միջոցները։ Նրա հարցադրումը վերաբերել է այն հնարավորությանը, որ միևնույն ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից և արտաքին աղբյուրներից կրկնակի ֆինանսավորում տրամադրվի։

Պատասխանելով պատգամավորի հարցերին՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Ներքին գործերի նախարարության համակարգում մի քանի տարի առաջ բարեփոխումների գործընթաց է մեկնարկել։

Նախարարի ներկայացմամբ՝ 2027 թվականի համար նախատեսված ֆինանսավորման 44 տոկոսանոց ավելացումը պայմանավորված է հենց այդ բարեփոխումների շարունակականությունն ու բնականոն իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։

«ՆԳՆ-ն մեկ կամ մի քանի հոգու անվտանգությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է բոլորի անվտանգությամբ»,- ասել է ֆինանսների նախարարը։

Վահե Հովհաննիսյանը միաժամանակ հայտնել է, որ տեղեկություններ չունի պատգամավորի մատնանշած միջազգային ֆինանսավորման վերաբերյալ։

Էդգար Ղազարյանը նշել է, որ առաջին անգամ է լսում, որ ֆինանսների նախարարը տեղյակ չէ մի քանի միլիոն դոլարի արտաքին ֆինանսավորումից։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: