AM
4 Նոյեմբեր 2026 - 18:45 AMT

Սահակյան․ ՀՀ և Ադրբեջանի միջպետական հայցերի հետկանչը կարող է լուրջ իրավական և քաղաքական հետևանքներ ունենալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով նախատեսված միջազգային դատական հայցերի փոխադարձ հետկանչը կարող է լուրջ իրավական ու քաղաքական հետևանքներ առաջացնել, հայտարարել է Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

Նա զգուշացրել է, որ նման քայլը կարող է նպաստել անպատժելիության և հավելել, որ պետությունների՝ դատավարություններից հրաժարվելու որոշումը դեռ չի նշանակում, որ միջազգային դատարաններն անպայման կդադարեցնեն դրանց քննությունը, հայտնում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հետ կանչել միջազգային դատական կառույցներում միմյանց դեմ ներկայացրած հայցերը։

Սիրանուշ Սահակյանի պարզաբանմամբ՝ նման պարտավորությունն արդեն ամրագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում։ Ընդ որում, ըստ իրավապաշտպանի, փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն ներկայում ընթացող դատավարություններից հրաժարում, այլև նախկինում առաջացած վեճերի առնչությամբ հետագայում նոր միջպետական գործեր նախաձեռնելու սահմանափակումներ։

Սահակյանը նշել է, որ համաձայնագրի համապատասխան դրույթը վերաբերում է նաև այլ դատավարություններին երրորդ կողմի կարգավիճակով մասնակցելու հնարավորությունից հրաժարվելուն։

«Սա արդեն իսկ ստացել է պայմանագրային պարտավորության տեսք, քանի որ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը կոնկրետ կետ ունի։ Այստեղ նշված է, որ կողմերը փոխադարձաբար հրաժարվում են իրենց կողմից վարվող գործերից, ավելին՝ նաև հրաժարվում են հետագայում այլ կարգավիճակով, օրինակ՝ որպես երրորդ կողմ, ներգրավվել ընթացող այլ դատավարությունների։ Մինչև այդ պահը ծագած հարաբերություններից բխող իրավական վեճերի վերաբերյալ ապագայում ևս չեն կարող նոր հայցեր ներկայացնել միջազգային դատական ատյաններ»,– նշել է Սահակյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործ ունի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմքով, ինչպես նաև միջպետական գանգատներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Առանձին գործ է ներկայացված նաև Թուրքիայի դեմ՝ կապված 2020 թվականի պատերազմի հետ։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ տվյալ դատավարության վրա համաձայնագրի հնարավոր ազդեցության հարցում դեռևս իրավական հստակություն չկա։

«Պետությունները կարող են հայտարարել միջպետական գործընթացներից հրաժարվելու մասին, սակայն արդեն մեկնարկած դատավարությունները կարող են դադարեցվել միայն դատարանի որոշումների հիման վրա։ Այս գործերով ևս հրաժարումներին պետք է հաջորդի դատարանի որոշումը, որի բովանդակությունը մենք կարող ենք կանխատեսել, բայց գտնվում ենք կանխատեսումների դաշտում։ Նախ՝ ցանկացած դատական գործունեություն ենթադրում է դատական գնահատում և հայեցողություն, երկրորդ՝ մենք չունենք նման իրավիճակների բավարար նախադեպեր, որպեսզի կարողանանք հստակ կանխատեսել դատարանի վարքագիծը»,– բացատրել է նա։

Սահակյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի պրակտիկայում հանդիպել են դեպքեր, երբ նույնիսկ անհատ դիմումատուի՝ գործից հրաժարվելը չի հանգեցրել դրա դադարեցմանը։ Դատարանը գնահատել է, արդյոք մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության շահերը պահանջո՞ւմ են շարունակել քննությունը։

«Մենք պետք է հասկանանք այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է գործերից, որոնց շահառուները քաղաքացիներն են, որոնց խախտված իրավունքները չեն վերականգնվել, և որոնք տևական ժամանակ ենթարկվում են տարաբնույթ նոր խախտումների, արդյո՞ք արդարադատության շահը կարող է թույլատրել այդ գործընթացների դադարեցումը։ Մենք չենք բացառում, որ Եվրոպական դատարանը գտնի, որ արդարադատության շահը պահանջում է գործի հետագա քննություն։ Այսինքն՝ թեև Ադրբեջանն ու Հայաստանը, օգտվելով իրենց դատավարական իրավունքներից, հրաժարվեն գործերից, դատարանը կարող է չդադարեցնել դրանց քննությունը»,– ասել է իրավապաշտպանը։

Սահակյանը նման զարգացումը հնարավոր է համարել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։

Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում առանձնահատուկ նշանակություն կարող է ունենալ ռասայական խտրականության արգելքի վերաբերյալ միջազգային պարտավորությունների բնույթը, քանի որ դրանք առնչվում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Անդրադառնալով միջազգային հայցերից հրաժարվելու հնարավոր հետևանքներին՝ Սահակյանը նշել է, որ դատավարությունների դադարեցման դեպքում Հայաստանը կարող է զրկվել միջազգային իրավական պաշտպանության կարևոր մեխանիզմներից։

Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել, որ հայցերի հետկանչը կարող է նվազեցնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավական պատասխանատվության կիրառման հնարավորությունները և նպաստել էթնիկ հայերի դեմ կատարված ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությանը։

«Եթե հրաժարումները տեղի ունենան, հասկանալի է, որ սա վերջ է դնում արդարության փնտրտուքներին։ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է օրինականացնել այն միջազգային հանցագործությունները, որոնք կատարվել են էթնիկ հայերի դեմ՝ երաշխավորելով դրանց անպատժելիությունը։ Կարծում եմ՝ դրա հետևանքները ծանր են և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական առումով։ Բայց ամենավտանգավորն այն է, որ անպատժելիության չվերացումը կարող է հանգեցնել նման հանցագործությունների կրկնության։ Միջազգային պատասխանատվության խնդիրներից մեկն էլ ապագա հանցագործությունների կանխարգելումն է»,– նշել է նա։

2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում է ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի հնարավորությունը։ Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել այդ անձանց անձնական և գույքային փաստաթղթերի պաշտպանությունը։

Ավելի ուշ՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմին վերաբերող դատական գործով կողմերին լրացուցիչ հարցադրումներ է ուղարկել։