«Ադեկվադ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանի խափանման միջոցի հարցով բողոքարկումը մերժվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նա հավելել է, որ պայքարը դեռ նոր է սկսվել:
«Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի խափանման միջոցի մասով մեր բողոքարկումը մերժվեց: Ավելորդ է ասել, որ որևէ իրավական հոդաբաշխ հիմնավորում չկա ու չէր էլ կարող լինել, քանի որ գործը ծայրից ծայր ջուր է ու ակնհայտ քաղաքական հետապնդում, որն իր ամեն կետում հակասության մեջ է ինչպես ՄԻԵԴ, այնպես էլ մեր հայրենի Վճռաբեկ դատարանների նախադեպային դատավճիռների հետ:
Չենք ընկրկում, չենք վախենում, պայքարը դեռ նոր է սկսվել: Արթուրն ազատ է առավել, քան երբևէ, իսկ ռեպրեսսիաներ լինելու են»,-գրել է նա:
Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության 11 կազմակերպություն հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով վերացնել Դանիելյանի կալանքը և դադարեցնել հետապնդումը:
Հայտարարության հեղինակները խիստ մտահոգություն են արտահայտել այն կապակցությամբ, որ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում համացանցում հրապարակված գրառումների համար՝ կալանքը համարելով անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված:





