«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նիստը նախագահող դատավոր Սամվել Շահվերդյանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը։
Հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոցը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ծառուկյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել կամ կիրառել համակցված խափանման միջոց, այդ թվում` գրավ։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է Ծառուկյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց կողմից ենթադրաբար իրականացված հանցավոր գործողությունների մասին։ Ըստ նախաքննական մարմնի հաղորդած տվյալների՝ 2022-2024 թվականներին այդ անձինք առերևույթ ներգրավված են եղել առանձնապես խոշոր չափերի խարդախության և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դեպքերում։





