«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք հակասում են հայկական ֆուտբոլի շահերին։
Ակումբի դժգոհության պատճառ են դարձել նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում հաստատված փոփոխությունները, որոնց համաձայն՝ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլևս պարտադիր չեն հայերենին տիրապետելը և առաջադրմանը նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում մշտապես բնակված լինելը։
«Ուրարտու» ՖԱ-ն դեմ է քվեարկել։
Ակումբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք կարծում ենք, որ այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին։ Առաջադրումից առաջ Հայաստանում բնակվելու պահանջը տալիս էր գոնե նվազագույն երաշխիք, որ թեկնածուն ծանոթ է հայկական ֆուտբոլի և այն խնդիրներին, որոնց ակումբներն ամեն օր բախվում են։ Իսկ հայերենի իմացությունը հնարավորություն է տալիս աշխատելու կազմակերպության ամբողջ փաստաթղթաշրջանառության հետ, որը վարվում է պետական լեզվով։
ՀՖՖ կանոնադրության ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությանը։ Ընտրություններին մասնակցելու չափանիշները պետք է արտացոլեն ազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանատվությունը երկրի ֆուտբոլային հանրության առջև։ Հետևաբար, «Ուրարտու» ՖԱ-ն հանդես է գալիս երկու պահանջների պահպանման օգտին։
«Ուրարտու» ՖԱ-ի համար առաջնային նշանակություն ունի ՀՖՖ նախագահի արդար ընտրությունների անցկացումը։ Այս հարցում ակումբի հետագա բոլոր քայլերն ուղղված են լինելու ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:





