AM
6 Նոյեմբեր 2026 - 19:00 AMT

ՀԾԿՀ նախագահը՝ գազի գնի մասին․ «Գազպրոմից» որևէ պաշտոնական գրություն չունենք

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի թաքցրել, որ գազի գնի հնարավոր բարձրացումը շղթայական ռեակցիայի է բերելու. կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

«Այս պահին հանձնաժողվոը «Գազպրոմից» որևէ պաշտոնական գրություն չունենք, սակայն դա չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելն իրողությունները չեն փոխվի։ Ես լիահույս եմ, որ մենք նման բան չենք ունենա»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

ՀԾԿՀ նախագահը ներկայացրել է գազի գնի հնարավոր բարձրացման մի քանի հաշվարկային տարբերակ։

Մեսրոպյանի խոսքով՝ եթե Հայաստանի սահմանին բնական գազի արժեքն ավելանա 30 տոկոսով, ապա ներկայում հաշվարկներում կիրառվող՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 174․46 դոլար գինը կհասնի 226․8 դոլարի։

Նրա ներկայացրած հաշվարկի համաձայն՝ նման թանկացումը միջին հաշվով 1․4 դրամով կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

«Եթե ԵԱՏՄ զեկույցում նշված` գազի թանկացման 69 տոկոսի ազդեցությունը լինի, ապա 174․46 դոլարը կդառնա 294.8 դոլար և էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3.3 դրամով կազդի»,– ավելացրել է Մեսրոպյանը։

ՀԾԿՀ նախագահը նաև դիտարկել է ծայրահեղ սցենարը` եթե ընդհանրապես դադարի գազի մատակարարումը, ապա 1990–ականների ծանր տարիների պես կառավարությունը ստիպված կլինի Սևանա լճից լրացուցիչ ջրթող անել, որ հիդրոկասկադն ամբողջ տարի աշխատի։ Բացի այդ, պետք է բանակցեն, որ Վրաստանից, ինչպես նաև Վրաստանով տարանցիկ ճանապարհով այլ երկրներից էլեկտրաէներգիա ներմուծեն։

Մեսրոպյանը միաժամանակ համոզված է, որ այս ճգնաժամային սցենարին չենք հասնի, քանի որ այսօր ունենք նաև արևային ուժեղ և կայացած կայաններ, կուտակիչ մարտկոցները։

Ըստ նրա` եթե այլ կարգի ֆորսմաժորային կամ քաղաքական այլ իրավիճակ չլինի, ապա առնվազն մինչև 2027 թ. մարտ ամիս գազի սակագինը չի բարձրանա։

ՀԾԿՀ նախագահը նաև նշել է, որ բազմիցս կարգավորվող ընկերությունները դիմել են հանձնաժողովին` սակագների բարձրացման համար, սակայն մերժում են ստացել, քանի որ դրա համար հիմքեր չեն եղել։

«Մի կողմից հասկանում եմ անհանգստությունը, սակայն, բնավ, չեմ ուզում խաղաղության, հանդարտության մթնոլորտ ստեղծել. այո, իրականում կա նման լարվածություն, ռիսկ, սակայն գործնականում որևէ բան չկա»,– վստահեցրել է նա:

Նա հավելել է, որ անգամ եթե լինի գազի թանկացման հայտ, դա չի նշանակում, որ հենց այս ձմռան ամիսներին կլինի թանկացումը, եթե, իհակե, որոշում չլինի ուղղակի դադարեցնել գազամատակարարումը։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։