AM
6 Նոյեմբեր 2026 - 13:08 AMT

Հայկական կառավարման փորձը՝ ամերիկյան Entrepreneur-ի գլխավոր էջում․ Հարցազրույց Աիդա Ոփյանի հետ

Հայկական Prodigi ընկերության համահիմնադիր և տնօրեն Աիդա Ոփյանը միացել է ամերիկյան Entrepreneur գործարար պարբերականի հեղինակների միջազգային ցանցին։ Նրա առաջին հոդվածը՝ «I’ve Watched Over 150 Careers Grow. Here’s What I Got Wrong About Developing Talent», նվիրված է աշխատակիցների զարգացմանն ու առաջնորդությանը և հրապարակվել է պարբերականի գլխավոր էջում։

Entrepreneur-ը մոտ 50 տարվա պատմություն ունեցող միջազգային գործարար պարբերական է, որը լուսաբանում է առաջնորդության և բիզնեսի զարգացման թեմաները։ Աիդա Ոփյանի հետ զրույցը եղել է միջազգային հրապարակման, թիմերի կառավարման և տարբեր ոլորտներում բիզնես զարգացնելու փորձի մասին։ Ներկայացնում ենք պարբերականի հարցազրույցը ստորև․

– Ինչպե՞ս ստացվեց, որ հայկական ընկերության կառավարման փորձը ներկայացվեց Entrepreneur-ի նման միջազգային հարթակում։

– Փոքր երկրներում սովոր ենք միջազգային փորձը բերել Հայաստան, մինչդեռ մեր նպատակներից մեկն է նաև հայկական փորձը ներկայացնել աշխարհին։

Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ում առաջնորդության և կառավարման վերապատրաստման ծրագիր անցնելիս հնարավորություն ունեցա շփվելու տարբեր երկրների գործարարների հետ և փոխանակելու կառավարման փորձը։ Այդ շփումներն ավելի ամրապնդեցին համոզմունքս, որ փորձի փոխանակումը պետք է երկկողմանի լինի։ Հայաստանում նույնպես ձևավորվել է կառավարման արժեքավոր փորձ, իսկ Entrepreneur-ի հեղինակների ցանցին միանալն այն միջազգային լսարանին ներկայացնելու հնարավորություն է։

– Ձեր առաջին հոդվածը հայտնվել է Entrepreneur-ի գլխավոր էջում։ Ինչի՞ մասին է այն, և ո՞րն է հիմնական ուղերձը։

– Գլխավոր էջում հայտնվելն անսպասելի և հաճելի էր։ Հոդվածի հիմքում Prodigi-ի մոտ 10 տարվա կառավարման փորձն է։ Այդ տարիներին համոզվել ենք, որ ուժեղ ընկերություն կառուցելու համար բավարար չէ լավ մասնագետներ ունենալը։ Պետք է ձևավորել համակարգ, որտեղ աշխատակիցները զարգանում են, ստանձնում պատասխանատվություն և իրենց հերթին զարգացնում ուրիշներին։ Այդպես բիզնեսի աճը չի սահմանափակվում մեկ ղեկավարի հնարավորություններով։

– Հոդվածում անդրադառնում եք ավելի քան 150 աշխատակցի մասնագիտական զարգացման փորձին։ Ո՞ր սկզբունքը կփոխանցեիք այլ ղեկավարների։

– Չվախենալ ուժեղ աշխատակիցներ զարգացնելուց։ Հայաստանում հաճախ հանդիպող առաջնորդության սխալներից է աշխատակիցների ինքնուրույնությունը սահմանափակելը՝ վախենալով, որ նրանք կարող են գերազանցել ղեկավարին կամ հեռանալ ընկերությունից։

Իմ համոզմամբ՝ ուժեղ թիմը ղեկավարի համար սպառնալիք չէ, այլ նրա աշխատանքի լավագույն արդյունքներից մեկը։

– Դուք գործունեություն եք ծավալում տարբեր ոլորտներում։ Որքանո՞վ է բիզնեսի հաջողությունը կախված ոլորտային փորձից, և որքանո՞վ՝ բիզնես մտածելակերպից։

– Երկուսն էլ կարևոր են։ Ոլորտային փորձն օգնում է հասկանալ շուկան, իսկ բիզնես մտածելակերպը՝ տեսնել նոր հնարավորություններ։ Prodigi-ում կուտակած փորձը կիրառել ենք մեր մյուս բիզնեսներում, օրինակ Smartic-ի՝ Հայաստանում խելացի տան համակարգերի և պրեմիում դասի ավտոմատացման լուծումների ոլորտում մասնագիտացած ընկերության ստեղծման ընթացքում։ Թեև ոլորտները տարբեր են, սկզբունքները նույնն են՝ հասկանալ հաճախորդի կարիքները, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել իրական արժեք։ Միաժամանակ յուրաքանչյուր նոր բիզնես պահանջում է նոր գիտելիքներ և սովորելու պատրաստակամություն։

– Ի՞նչ խորհուրդ կտայիք միջազգային շուկաներ դուրս գալու հավակնություն ունեցող հայ գործարարներին։

– Նախ՝ հասկանալ, թե ինչու պետք է տվյալ շուկայի հաճախորդն ընտրի հենց ձեզ։ Հայաստանում հաջողակ լինելը դեռ չի երաշխավորում հաջողություն միջազգային շուկայում։ Prodigi-ի միջազգային զարգացման ընթացքում մեզ համար կարևոր էր հասկանալ, թե ինչով ենք տարբերվում տեղական գործակալություններից։ Եվ պատասխանը միայն գինը չէ։ Եվ վերջապես՝ միջազգային վաճառքը դեռ միջազգային բիզնես չէ։ Անհրաժեշտ են թիմ, գործընթացներ և սպասարկման որակ, որոնք թույլ կտան ոչ միայն ձեռք բերել հաճախորդին, այլև երկարաժամկետ պահպանել նրան։

2017 թվականին Երևանում հիմնադրված Prodigi-ն տարածաշրջանի ամենամեծ մարքեթինգային գործակալություններից է։ Ընկերությունն ունի 50+ մասնագետներից կազմված թիմ, համագործակցում է միջազգային հաճախորդների հետ և գրասենյակներ ունի Հայաստանում, Ուզբեկստանում ու Ղրղզստանում։ Ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի համալիր ծառայություններ և զարգացնում սեփական գովազդային տեխնոլոգիական լուծումները։