Հայաստանից Ադրբեջան փայլաթիթեղ և ծաղիկ է արտահանվել, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
«Եթե չեմ սխալվում, փայլաթիթեղ և ծաղիկ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Քննարկման ընթացքում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է նաև ապաշրջափակման վերաբերյալ իշխանությունների ներկայացրած մոտեցումներին։
«Մենք դեմ չենք ապաշրջափակմանը։ Ինչ-որ դուք փորձում եք հրամցնել որպես ապաշրջափակում, դա պանթուրանական միջացք է, որովհետև եթե չկա պայմանները, թե ինչպես ենք մենք օգտվում աջ ու ձախ, դա նշանակում է՝ ապաշրջափակում չէ»,-ասել է նա:
Արձագանքելով պատգամավորի դիտարկումներին՝ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է կառավարության մոտեցումը:
«Երբ որ դու ունես մի ճանապարհ, դա կյանքի ճանապարհ է։ Էական չէ՝ քանդած է, լավ է, նեղ է, սարի միջոցով է անցնում։ Մենք որևէ երկրի դեմ ոչ մի բան չունենք, ուզում ենք մեր շահերը պաշտպանել»,-ասել է Պապոյանը:





