ՀՀ-ն շարունակելու է ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես ճիշտ է համարում, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով։ Քննարկումներ են եղել, որ մեր մասնաբաժինն ավելանա, ընդ որում տարբեր երկրների կողմից էլ, ոչ միայն մեր երկրի կողմից է, համաձայն չեն եղել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ երկիրն է որոշում մնալ թե դուրս գալ որևէ միության կազմից կամ մտնել, թե չմտնել որևէ միություն։
«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ, մենք ԵԱՏՄ-ում մեր պարտավարություններն ամբողջ ծավալով կատարել ենք ու կատարում ենք։ Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, Հայաստանը ԵԱՏՄ-ից պետք է ստանար ավելի շատ, քան ստանում է»,- ասել է Պապոյանը։
Վարչապետ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև գիտեք, որ ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու:
«Նախկինում ասել եմ, որ հանրաքվեի առարկա այս պահին գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք այն անցկացնել։ Որպեսզի մենք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,-ասել է նա:





