Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանած տնտեսական սահմանափակումների արդյունքում Հայաստանը կարողացել է բացահայտել արտահանման նոր շուկաներ և բարձրացնել տնտեսության մրցունակությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ և ամբողջությամբ ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններում, հայտնում է Aysor.am-ը:
«ԵԱՏՄ-ում չկա այդպիսի գործընթաց, որին լիիրավ չենք մասնակցում, կողմ ենք քվեարկում, վետոներ ենք դնում։ Մենք վարվում ենք այնպես, ինչպես ԵԱՏՄ անդամ մյուս երկրները։ ՌԴ-ի դեմ մի քանի այլ այդպիսի հայցեր կան, ուրիշ երկրների դեմ էլ կա, վաղն էլ կարող է ինչ-որ հարցով Հայաստանի դեմ լինել։ Չեմ հասկանում ձեր այդ ուշադրությունն այդ հարցի նկատմամբ»,- նշել է Պապոյանը։
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներին՝ էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, որ գերատեսչությունն այդ իրավիճակը դիտարկում է բացառապես տնտեսական վեճի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ խնդրի կարգավորման հարցում հայկական կողմն առաջնահերթություն է տալիս իրավական և տնտեսական հիմնավորումներին։
«Եթե կլինեն նաև այլ դրվագներ, այլ դրվագներով էլ կանդրադառնանք։ Քաղաքական հակափաստարկը ոչ մի արդյունք տալ չի կարող։ Քաղաքական հակափաստարկները պարզապես խոսույթներ են, որոնք սպասարկում են այլ շահեր, բայց գործնական օգուտ կարող է տալ բացառապես իրավական, տնտեսական փաստարկը»,-ասել է նա:
Պապոյանը շեշտել է, որ Ռուսաստանի հետ առաջացած տարաձայնությունները լուծելու համար Հայաստանը նախընտրել է իրավական մեխանիզմները։
«Օրինակ, եթե ձեզ ինչ-որ մեկը վիրավորել, զրպարտել է, երկու ճանապարհ կա՝ գնալ և բռնություն գործադրել, որն ինձ համար անընդունելի է, կամ գնալ և դատարանով պատիվ ու փոխհատուցում պահանջել, որն ինձ համար ընդունելի է։ Հիմա մենք ընտրել ենք իրավական ճանապարհը։ Մենք ՌԴ-ի հետ ունենք տնտեսական վեճ»,- հավելել է նա։
Խոսելով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և իրացման հնարավոր դժվարությունների մասին՝ նախարարը հավաստիացրել է, որ ռուսական սահմանափակումները հայկական գյուղմթերքի վաճառքի լուրջ խոչընդոտներ չեն առաջացրել։
«Ոչ մի պտուղ-բանջարեղեն չի մնացել, ամբողջն իրացրել են քաղաքացիները։ Մեր քաղաքացիները, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում, ոչ մի խնդիր չեն ունեցել և չեն ունենա։ ՌԴ-ի կողմից դրված սահմանափակումների հետևանքով մենք մեզ համար բացահայտել ենք նոր շուկաներ, հայկական արտադրանքը հայտնվել է ԵՄ-ում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Դա է պատճառը, որ դիվերսիֆիկացիան բավականին լավ տեմպերով առաջ է գնում, մի բան, որը նախկինում տեղի չէր ունեցել և չէր էլ կարող ունենալ։ Դրանով էլ մեր տնտեսության մրցունակությունն է ավելացել»,-ասել է նախարարը:
Ըստ Պապոյանի՝ այն կանխատեսումները, որ Հայաստանն անկումներ է ունենալու և հարյուր հազարավոր մարդիկ հայտնվելու են փողոցներում այդ սահմանափակումների պատճառով, սխալ էին:
«Նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց, քանի որ այդ մարդկանց խնդիրները կառավարությունը հասցեական լուծել է»,-ասել է նա:
Այն հարցին, թե ինչքա՞ն կարող է ՀՀ կառավարությունն աջակցել, սուբսիդավորել, Պապոյանը պատասխանել է. «ՀՀ պետական բյուջեն 10 տարի առաջվա պետական բյուջեն չի, 10 մլրդ դոլար և ավելին է, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 10 տարի առաջվանը չէ։ ՀՀ-ն սուբսիդավորում իրականացրել և իրականացնում է բացարձակապես արդյունավետության հիման վրա»։





