AM
7 Նոյեմբեր 2026 - 10:51 AMT

ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ձևավորել TRIPP-ի իրականացման համար

Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը հայտարարել են TRIPP ենթակառուցվածքային նախաձեռնության իրականացմանն աջակցող եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ձևավորման մասին։ Համատեղ հայտարարությունը տարածվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի և Էլնուր Մամեդովի անունից, հայտնում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:

«Եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը», – նշված է հայտարարությունում:

Երեք երկրների ներկայացուցիչները նաև տեղեկացրել են, որ նախնական փուլում որոշվել է գործարկել տրանսպորտային հաղորդակցությունների և էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերով զբաղվող տեխնիկական խմբերը։ Այս ուղղությունների ընտրությունը պայմանավորված է կողմերի՝ «տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ»:

Հայտարարության համաձայն՝ տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծումը նշանակալի առաջընթաց է համարվում բարդ տեխնիկական խնդիրների կարգավորման և ծրագրի իրականացման հետագա փուլերին անցնելու ճանապարհին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև նախատեսվող ենթակառուցվածքները տարածաշրջանում արդեն գոյություն ունեցող այլ հաղորդակցային համակարգերին միացնելու հնարավորություններին։

Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները։

TRIPP նախագծին առնչվող հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովում։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ենթակառուցվածքային ծրագրի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։