AM
7 Նոյեմբեր 2026 - 11:26 AMT

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անդրադարձել է մարդու իրավունքներին և կուսակցությունների գործառույթներին

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն անդրադարձել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պարտականությունները սահմանող դրույթներին։

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական կուսակցությունների գործունեությանը, անկախ և ինքնավար պետական մարմինների լիազորություններին ու գործառույթներին առնչվող կարգավորումներին։

Խորհուրդը քննարկել է նաև խորհրդի անդամներ Դանիել Իոաննիսյանի և Գրիգոր Առաքելյանի կողմից ներկայացված առաջարկները:

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի հանրությանը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասարակությանը ներկայացվելիք փաստաթուղթը վերջնական չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում կսկսվեն հանրային քննարկումներ, ապա նախագիծը կուղարկվի խորհրդարան և իշխող ուժը կփորձի ընդդիմությանը համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է: