AM
7 Նոյեմբեր 2026 - 14:00 AMT

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանը փակ գաղտնի քվեարկությամբ վերընտրվել է էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ՝ ստանալով 40 կողմ և ոչ մի դեմ ձայն։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ 2026 թվականի նոյեմբերի 6-ին անցկացվել է գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրությանը նվիրված նիստ։ Նոր ընտրության անհրաժեշտությունն առաջացել է այն հանգամանքով, որ հանձնաժողովի գործող անդամ, Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի նոյեմբերի 14-ին։

«Դատախազության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համաձայն՝ էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրությունն իրականացվում է համապատասխան պաշտոնատար անձանց ձայների մեծամասնությամբ։ Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն ՀՀ գլխավոր դատախազը, նրա այն տեղակալները, որոնք էթիկայի հանձնաժողովի անդամ չեն, Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզերի դատախազները, մայրաքաղաքի վարչական շրջանների դատախազները, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազները։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանին՝ հանձնաժողովի կազմում կրկին ընտրվելու առթիվ։

Գլխավոր դատախազը նաև կարևորել է պատասխանատվության բարձր աստիճան պահանջող այս աշխատանքում բարեվարքության և անաչառության սկզբունքների հետևողական պահպանումը՝ ընդգծելով օբյեկտիվ մոտեցումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։