Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվել Oragir.News լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը։
ՆԳՆ-ից հայտնել են, ր համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, հայտնում է Factor.am-ը:
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մաշտոցի պողոտայում։ «10 EA 055» պետհամարանիշով «Lexus» մակնիշի ավտոմեքենան փակել է Գևորգ Էմին-Տերյանի վարած մեքենայի ճանապարհը, ինչի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում է Oragir.News-ը:
Ըստ հրապարակման՝ վթարից հետո «Lexus» ավտոմեքենայում գտնվող երեք ուղևորները վիճաբանություն և ծեծկռտուք են հրահրել։ Նշվում է, որ նրանք հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրան։
Միջադեպի հետևանքով լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նշվել է նաև, որ նա ներկայումս գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում։





