AM
7 Նոյեմբեր 2026 - 15:28 AMT

Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման օրոք 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Հայց է ներկայացվել

Դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզում 2005-2010 թվականներին անցկացված մի շարք հողային մրցույթներ և կիրառել դրանց անվավերության իրավական հետևանքները։

Գերատեսչության ներկայացրած տվյալների համաձայն՝ Արարատի նախկին մարզպետներ Ալիկ Սարգսյանն ու Վարդգես Հովակիմյանը, ենթադրաբար գերազանցելով իրենց պաշտոնեական լիազորությունները, որոշ անձանց համար նախընտրելի արդյունք ապահովելու նպատակով կազմակերպել են ձևական մրցույթներ, հայտնում է Factor.am-ը:

Դատախազությունը հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր դատախազական միջամտության արդյունքում պետությանը վերադարձված խոշոր հողատարածքի մասին։ Խոսքը Արարատի մարզում գտնվող մոտ 5330 հեկտար մակերեսով հողերի մասին է, որոնք տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը։

Նշված հողատարածքների ընդհանուր արժեքը գնահատվել է 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար։ Դատախազական ներգործության արդյունքում դրանք վերադարձվել են ՀՀ սեփականությանը։

Միաժամանակ հողերի օտարման գործընթացի ուսումնասիրության ընթացքում դատախազը հայտնաբերել է հնարավոր հանցագործության հատկանիշներ և համապատասխան հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին։ Դրա հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Հետագայում՝ 2026 թվականի օգոստոսի 14-ին, Դատախազությունը հրապարակել է նաև մեկ այլ դատական գործընթացի արդյունքները։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության ներկայացրած հայցը՝ անվավեր ճանաչելով Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության միջև 2008 թվականի հունվարի 27-ին անցկացված՝ 0,3 հեկտար մակերեսով հողամասի աճուրդը։

Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է նշված 0․3 հեկտար հողատարածքը վերադարձնել Ջերմուկ համայնքին։

Շարունակելով ուսումնասիրել «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության կողմից հողատարածքների ձեռքբերման օրինականությունը՝ Դատախազությունը հայտնաբերել է նաև այլ ենթադրյալ իրավախախտումներ։

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ.Հ.-ն, որը 2008 թվականի հունիսի 12-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ը զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը, ենթադրաբար դուրս է եկել իր ծառայողական լիազորությունների սահմաններից։

Ըստ Դատախազության՝ նրա գործողություններն ուղղված են եղել 2006 թվականին տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի, նույն ժամանակահատվածում Ազգային ժողովի պատգամավոր հանդիսացած Վ.Մ.-ի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունք ապահովելուն։

Այդ նպատակով, ըստ ուսումնասիրության արդյունքների, ձևական մրցույթի միջոցով «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հատկացվել են Արարատի մարզի վարչական տարածքում գտնվող բնապահպանական նշանակության չորս հողամասեր։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմել է 1054․95 հեկտար։

Հայտնաբերված հանգամանքների հիման վրա Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 10-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության։

Հայցով պահանջվել է անվավեր ճանաչել 1054․95 հեկտար մակերեսով հողատարածքների վերաբերյալ 2009 թվականի նոյեմբերի 23-ին անցկացված մրցույթը և կիրառել անվավերության համապատասխան հետևանքները։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ընդունել է ներկայացված հայցադիմումը վարույթ։

Արարատի մարզի դատախազության իրականացրած հետագա ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել նաև նախկին մարզպետ Ա.Ս.-ի պաշտոնավարման ժամանակահատվածին առնչվող ենթադրյալ խախտումներ։

Դատախազության տվյալներով՝ Ա.Ս.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը և գերազանցելով իրեն վերապահված լիազորությունները, փորձել է ապահովել տարբեր պետական կառույցներում պաշտոններ զբաղեցրած որոշ անձանց շահերից բխող արդյունքներ։

Մասնավորապես, 2005-2008 թվականներին անցկացված ձևական մրցույթների միջոցով տարբեր անձանց վարձակալության իրավունքով հատկացվել են ընդհանուր 1480 հեկտար մակերեսով բնապահպանական նշանակության հողատարածքներ։

Ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին ևս մեկ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։

Այս անգամ դատական պահանջը վերաբերում է 1480 հեկտար հողատարածքների տրամադրման մրցույթներն անվավեր ճանաչելուն և դրանց անվավերության իրավական հետևանքները կիրառելուն։

Բացի դատական հայց ներկայացնելուց, դատախազը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ համապատասխան քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով։