AM
9 Նոյեմբեր 2026 - 16:19 AMT

Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է

Կոտայքի մարզի Ջրվեժի աղբավայրում հայտնաբերված խախտումների պատճառով «Անկոլո» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվել, իսկ ընկերության տնօրենը տուգանվել է 5 մլն 430 հազար դրամով, հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Նշվում է, որ ստուգումների անցկացման համար հիմք են հանդիսացել «Հետք» լրատվական կայքում հրապարակված նյութերը, տարբեր պետական կառույցներից ստացված գրությունները, ինչպես նաև քաղաքացիների ներկայացրած բողոքները։

Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ ընկերությունը համայնքից վարձակալած մեկ հեկտար մակերեսով հողատարածքում իրականացրել է թափոնների հարթեցման և հողածածկման աշխատանքներ՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համապատասխան դրական եզրակացություն։

Տեսչական մարմնի տվյալներով՝ ընկերությունը աղբավայրի շահագործման թույլտվություն է ունեցել հարակից երկու հեկտար տարածքի համար, սակայն գործունեության ընթացքում ամբողջությամբ չի կատարել թույլտվությամբ նախատեսված բնապահպանական պարտավորությունները։

Մասնավորապես, արձանագրվել է, որ կուտակված աղբը պատշաճ կերպով չի ծածկվել մեկուսիչ հողաշերտով։ Բացի այդ, տարածքում բացակայել են անձրևաջրերի և աղբավայրում առաջացող զտվածքի հավաքման ու հեռացման համար նախատեսված համապատասխան ինժեներական կառույցները։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է նաև, որ Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1404 քառակուսի մետր հողամասը լցվել և հարթեցվել է աղբով։ Դրա հետևանքով վնաս է հասցվել հողային ռեսուրսներին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընկերությունից պահանջել է փոխհատուցել շրջակա միջավայրին պատճառված վնասը, որի չափը գնահատվել է 26 հազար 535 դրամ։ Միաժամանակ տնտեսվարողին պարտավորեցրել են սահմանված ժամկետում վերացնել ստուգումների ընթացքում արձանագրված բոլոր խախտումները։

Տեսչական մարմնի կողմից ընկերության գործունեության կասեցման վերաբերյալ ընդունված որոշումն արդեն փոխանցվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ դրա պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։