AM
4 Մարտ 2011 - 09:02 AMT

Հնդկաստանում նշվեց Վարդանանց տոնը

2011 թվականի մարտի 3-ին Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանում (Կալկաթա, Հնդկաստան) նշվեց Սրբոց Վարդանանց տոնը:

Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև Մարդասիրականի սաները հանդես եկան Վարդանանց քաջերին նվիրված բեմականացմամբ, ուր նրանք մարմնավորել էին Մեծ զորավարին ու նրա զինակիցներին: Իսկ երգչախմբի կատարմամբ հնչեցին Ավարայրի հերոսներին ձոնված շարականներ և երգեր:

Ձեռնարկը եզրափակեց հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը, որն ասաց. «Հանդիսությունն այնքան հուզիչ էր, որ մեզ 1500 տարի հետ տարավ, դեպի Ավարայրի դաշտ, և մենք ականատես եղանք Վարդանանց հավատքին ու հայրենասիրությանը…Վարդանանց քաջերը մեզ ավանդեցին հավատարիմ մնալ Հայ Եկեղեցուն և Մայր հայրենիքին»: Հայր Խորենը պատգամեց լինել արժանի զինվորը Սուրբ Վարդանի և վառ պահել Վարդանանց հիշատակը, հաղորդում է Հայոց մարդասիրական ճեմարանը: