Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում բարձրացվել է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման հարցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվել է, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։
Պատգամավորը հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերին պետք է որոշում ընդունի էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ։ Այդ համատեքստում նա հարց է ուղղել նախարարին՝ պարզելու, թե քաղաքացիները պե՞տք է սպասեն էլեկտրաէներգիայի թանկացման, հայտնում է Panorama.am-ը:
«Դեկտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է էլեկտրաէնեգիայի սակագինը որոշի, արդյո՞ք հանրությանը սպասվում է սակագնի աճ»,-ասել է նա:
Մանուկյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի կոմպոնենտներից է՝ Ատոմակայանի արտադրած հոսանքն ու ԲԷՑ-ի մատուցած ծառայությունները:
«Ներկայացված նախագծում մոտ 76 միլիարդ ԲԷՑ-ի ծրագրերն են, 14 միլիարդ՝ Ատոմակայանինը, արդյո՞ք այս երկու կոմպոնենտով պայմանավորված սպասվում է սակագնի աճ»,-ասել է նա:
Մանուկյանի խոսքով, ենթաբյուջետային վարկերը գումար են, որը բեռ է բոլորի վրա:
«Ո՞վ է լինելու սրա վճարողը, ի՞նչ տեսքով, արդյո՞ք բյուջեն վերցնում է ամբողջությամբ իր վրա, թե՞ արտացոլվելու է սակագնի վրա»,-ասել է նա:
Խուդաթյանը պատասխանել է, որ 14․8 միլիարդ դրամ նախատեսված է Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շարունակության համար, իսկ երկրորդ խոշոր ծրագիրը վերաբերում է Հայաստան- Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանանքներին։ Նա նշել է, որ կոնկրետ այս երկու ծրագրերը սակագնի վրա ազդեցություն չեն ունենալու։





