Արցախի Հանրային խորհուրդը պաշտոնական նամակներով դիմել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երեք կողմերից երկուսին՝ ՀՀ կառավարությանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը՝ բարձրաձայնելով արցախցիների վերադարձի իրավունքն ու հայ գերիների հարցը:
«Պատերազմից հետո շատ արցախցիներ վերադարձան տուն՝ հույս ունենալով, որ կկարողանան անվտանգ ապրել իրենց հայրենիքում։ Այնուհետև հաջորդեցին Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հանձնառությունների ամրագրմամբ, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական հարձակումը և Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը։
Վեց տարի անց դեռ հստակ պատասխան չի հնչել՝ ինչո՞ւ չկանխվեցին շրջափակումն ու հարձակումը, և ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկվում բռնի տեղահանման հետևանքները հաղթահարելու համար։ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը այս հարցերով դիմումներ է պատրաստել՝ ուղղված ՀՀ կառավարությանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը։
Պահանջում ենք, որ Արցախի ժողովրդի՝ հայրենիք կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու մյուս անձանց ազատ արձակումը և Արցախի հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունը դառնան բանակցությունների առաջնահերթ հարցեր։ Ակնկալում ենք գրավոր պատասխաններ և հստակ քայլեր։
Արցախի ժողովրդի ապագայի մասին որոշումները պետք է ընդունվեն նրա ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:





