AM
10 Նոյեմբեր 2026 - 12:48 AMT

Փաստաբան․ Մանուկյանի և Թևանյանի գործով գաղտնի տեղեկության փոխանցման ապացույց չկա

Փաստաբան Տաթև Սողոյանն, անդրադառնալով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամներ Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ քրեական գործի դատական քննությանը, հայտարարել է, որ պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի:

«Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի սղագրությունն էր, որի բովանդակությունը, ըստ մեղադրանքի կողմի, տիկին Մանուկյանը փոխանցել է պարոն Թևանյանին։ Մինչդեռ այդ արձանագրության մեջ, ըստ էության, որևէ գաղտնի բան չկար։ Այդ արձանագրությունը նույնիսկ գաղտնագրված տեղեկություն կամ փաստաթուղթ չէր»,–նշել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:

Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ից գտնվում է կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության և պետական դավաճանության համար։ Նույն քրեական գործով ներգրավված է նաև Արեգնազ Մանուկյանը։