Ամերիկյան MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:
Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, ազգային ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականը ներկայացնելու գործում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մովսիսյանը պատմել է, որ երկար ժամանակ հետևել է երիտասարդ ֆուտբոլիստի ելույթներին և բարձր է գնահատում նրա արդյունավետությունն ու խաղային հնարավորությունները։
«Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավականին տպավորիչ էր։ MLS-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։
Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։
Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիին: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։ Հարվիի հայրը և պապը հայեր են, ուստի ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը»,-ասել է նա:
Յուրա Մովսիսյանը նաև առանձնացրել է Սարաջյանի ֆիզիկական պատրաստվածությունը, արագությունը և տեխնիկական ունակությունները՝ համոզմունք հայտնելով, որ երիտասարդ խաղացողը կարող է զգալիորեն ուժեղացնել Հայաստանի հավաքականի հարձակողական ներուժը։
«Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։ Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»,-ասել է Մովսիսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է 21-ամյա ֆուտբոլիստի՝ ազգային թիմին միանալու որոշմանը։ Նա վստահություն է հայտնել, որ Սարաջյանի փորձն ու խաղային առանձնահատկությունները դրական ազդեցություն կունենան հավաքականի մրցունակության վրա։
«Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։
Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»,-ասել է նա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զրուցել է նաև անձամբ Հարվի Սարաջյանի հետ։ Ֆուտբոլիստը խոսել է իր հայկական արմատների, ազգային հավաքականում հանդես գալու նշանակության և Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում սեփական ներդրումն ունենալու ցանկության մասին։
«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։
Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։
Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»,-ասել է Սարաջյանը:





