Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Այդ մասին հայտնել է ԱՆ ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը, հայտնում է Radar.am-ը:
«Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։
Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը»,-հայտնել է Նավիկյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց անհիմն մեղադրանքներով:
Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են»,– ասված է հայտարարությունում։
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։





