Առաջիկա ամիսներին Տալլինում կբացվի ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը՝ ամրապնդելով հայ-էստոնական համագործակցությունը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հրավերով այցելել է Տալլին, որտեղ պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
«Այսօր մեզ միավորում է շատ ավելին, քան այս հանդիսավոր առիթը։ Մեզ միավորում է հավատարմությունն այն հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ ոգեշնչել են մեր ժողովուրդներին և որոնք մենք շարունակում ենք արժևորել ու պաշտպանել այսօր։ Դրանք են անկախությունը, ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների համար ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու անսասան վճռականությունը։
Մեր Առաջին Հանրապետությունը ևս ծնունդ է առել 1918 թվականին՝ պատերազմի և խորագույն ցնցումների պայմաններում։ Մենք ևս գիտենք, թե ինչ է նշանակում տոկունությամբ և հաստատակամությամբ պաշտպանել ինքնիշխանությունը և դիվանագիտությունը դիտարկել որպես ազգային գոյատևման, անկախ պետականության շարունակականության ապահովման, խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության պայմաններում ապրելու մեր իրավունքի պաշտպանության կարևորագույն գործիք»,-ասել է Միրզոյանը:
Նա հավելել է, որ պատմական ընդհանրություներից անդին՝ Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդներին կապում են ջերմ պատմություններ։
Նա նշել է, որ դեռևս 19-րդ դարում Տարտուի համալսարանում ուսանել են հայ ուսանողներ և մտավորականներ, որոնցից ոմանք հետագայում նշանակալի ավանդ են ունեցել հայ կրթության, գրականության և հասարակական կյանքի զարգացման գործում, իսկ 1906 թվականին հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը, ոգեշնչվելով մի երիտասարդ էստոնուհուց, գրել է իր հայտնի «Էստոնական երգ» բանաստեղծությունը։
«Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Այսօր մեր գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։ Այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացեց իր ռեզիդնտ դեսպանությունը, որոշում, որը մենք ողջունեցինք որպես մեր երկկողմ հարաբերությունների նկատմամբ հանձնառության իրական դրսևորում։ Այդ առիթով ես և Մարգուսը ստորագրեցինք հուշագիր, որը նշանավորեց մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության նոր փուլ։
Եվ այսօր՝ այս առանձնահատուկ առիթով, մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի այստեղ՝ Տալլինում։ Սա ևս մեկ կարևոր հանգրվան կլինի մեր երկրների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերության ճանապարհին»,-ասել է նախարարը:





