Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննադատություններին, պարզաբանել է, որ նախարարությունը կալանք ընտրող կամ միջնորդող մարմին չէ, սակայն շահագրգռված է, որպեսզի այն կիրառվի բացառիկ դեպքերում, քանի որ ՔԿՀ-ների տեղերն անսահմանափակ չեն, հայտնում է Factor.am-ը:
«Կառավարության 825-Ն որոշումը, որը սահմանում է պատժի կամ կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների ցանկը, Առողջապահության նախարարության հետ համատեղ վերանայվում է։ Շուտով կընդունվի նոր որոշում, որը մեխանիզմն ավելի ճկուն կդարձնի։ ՔԿՀ-ների բժշկական սպասարկումը վաղուց առանձնացվել է Արդարադատության նախարարությունից և հանձնվել Առողջապահության նախարարությանը («Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ)։ Ոլորտում առկա է ակնհայտ առաջընթաց՝ դեղորայքային ապահովման, արագ արձագանքման և հիվանդանոցային պայմանների բարելավման մասով»,-ասել է նա:
Հարցին, թե արդյոք կալանքը շարունակում է մնալ հիմնական միջոց՝ հաշվի առնելով նախկինում ՄԻՊ-ի ահազանգն այն մասին, որ կալանավորների թիվը հավասարվել էր դատապարտյալներին, Սրբուհի Գալյանը հակադարձել է՝ վիճակագրական տվյալներ ներկայացնելով:
«Միայն տնային կալանքի և վարչական վերահսկողության տակ գտնվող անձանց թիվն այս պահին անցնում է 3000-ը։ Դրան գումարվում են նաև գրավն ու չհեռանալու մասին ստորագրությունը, ինչը փաստում է, որ ազատազրկման հետ չկապված միջոցներն անհամեմատ ավելի շատ են կիրառվում։ Եթե նախկինում մոտ 5 տարի շարունակ կալանավորվածների և դատապարտյալների թիվը հավասար էր, ապա նախորդ և ընթացիկ տարում դատապարտյալների թիվը մի քանի հարյուրով գերազանցում է կալանավորներին»,-ասել է նախարարը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելը չի կարող դիտարկվել որպես դատական իշխանության անկախությանը խոչընդոտող քայլ։
Պատասխանելով հարցին՝ Գալյանը նշել է, որ նման ձևակերպմամբ հարցադրումն ի սկզբանե ճիշտ չէ։
«Մենք դատավորների հետ կապված կարգապահական վարույթներ չենք հարուցում այն պատճառով, որ նրանք քննում են ինչ-որ մեկի գործը։ Տվյալ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է ինքնաբացարկ հայտնելու հիմքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու համար»,- նշել է նախարարը։
Սրբուհի Գալյանը նաև ընդգծել է, որ նույն հիմքով կարգապահական վարույթներ են նախաձեռնվել այլ դատավորների նկատմամբ ևս։ Նրա փոխանցմամբ՝ այդ դեպքերը որևէ կապ չունեն հոգևորականների մասնակցությամբ դատական գործընթացների կամ քաղաքական լայն արձագանք ստացած քրեական գործերի հետ։
Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։
Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը





