ՀՀ Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի նոր խմբագրությունը՝ հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթի հետ միասին։ Նախաձեռնությամբ առաջարկվում է էապես վերանայել հեղինակային հոնորարների հավաքագրման և բաշխման գործող մեխանիզմները՝ ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել:
Օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթները ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լևոն Մովսիսյանը։ Նա մասնավորապես անդրադարձել է այն կարգավորմանը, որով ռեստորանների, սրճարանների, բարերի և ժամանցային որոշ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար նախատեսվում է նոր պարտադիր պահանջ՝ նրանք պետք է պայմանագիր ունենան հեղինակային իրավունքների կոլեկտիվ կառավարում իրականացնող հավատարմագրված կազմակերպության հետ, հայտնում է Factor.am-ը:
«Ուղեկցող փոփոխությամբ ռեստորանների, սրճարանների, բարերի և որոշ ժամանցային ծառայությունների համար նաև սահմանվում է հավատարմագրված կազմակերպության հետ պայմանագրի առկայության պահանջ»,- ասել է փոխնախարարը։
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել հեղինակային վարձատրության վճարման պարտավորության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ պահանջը տարածվելու է բոլոր այն հանրային վայրերի վրա, որտեղ օգտագործվում կամ հնչեցվում են երաժշտական ստեղծագործություններ։ Հետևաբար, նման հաստատությունների սեփականատերերը պարտավոր են լինելու վճարել համապատասխան հեղինակային հոնորարները։
«Այն բոլոր օբյեկտներում, որտեղ հնչում են երաժշտական ստեղծագործություններ, այդ բոլոր օբյեկտների սեփականատերերը պարտավորություն ունեն վճարելու հեղինակային հոնորար»,- նշել է նա։
Խորհրդարանական քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հեղինակային իրավունքների պաշտպանության գործող օրենսդրության թերություններին և համակարգում տարիների ընթացքում առաջացած խնդիրներին։
Նշվել է, որ ներկայում գործող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2006 թվականին։ Միաժամանակ հեղինակներն ու կատարողները հաճախ դժգոհություններ են հայտնում իրենց հասանելիք հոնորարների չափերի, ինչպես նաև գումարների հավաքագրման և հետագա բաշխման գործընթացների անբավարար թափանցիկության վերաբերյալ։
Լևոն Մովսիսյանը ներկայացրել է նաև գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման համակարգի վերափոխման նախատեսվող ուղղությունները։
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ներդնել մեկ հավատարմագրված կազմակերպության միջոցով կոլեկտիվ իրավունքների կառավարման մոդել։ Այդ կազմակերպության գործունեությունը պետք է իրականացվի պետական վերահսկողության ներքո։
«Փաթեթի առանցքային ուղղությունը գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման կարգավորումն է»,- ասել է Մովսիսյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է կազմակերպությունների հավատարմագրման հնգամյա մեխանիզմ։
Հավատարմագրման գործընթացում ուսումնասիրվելու և գնահատվելու են կազմակերպության աշխատակազմի մասնագիտական կարողությունները, տեխնիկական հագեցվածությունը, իրականացվող ֆինանսական գործարքները, ինչպես նաև հեղինակային վարձատրությունների հավաքագրման և բաշխման ընթացակարգերը։
Առաջարկվող փոփոխությունների մյուս կարևոր բաղադրիչը «ընդլայնված կոլեկտիվ կառավարման» համակարգի ներդրումն է։
Նոր մեխանիզմի համաձայն՝ հավատարմագրված կազմակերպությունը հնարավորություն կունենա հեղինակային հոնորարներ հավաքագրել նաև այն ստեղծագործողների անունից, որոնք տվյալ կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերություններ չունեն։
Միևնույն ժամանակ նախատեսվում է պահպանել հեղինակների ընտրության իրավունքը։ Մասնավորապես, նրանք կկարողանան գրավոր դիմումով հրաժարվել իրենց գույքային իրավունքների՝ նման եղանակով կառավարումից։
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտությանը։
Ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է համապատասխան լիազոր պետական մարմնին տրամադրել վերահսկողական գործառույթներ, որոնք ուղղված կլինեն հեղինակային վարձատրությունների հավաքագրման և բաշխման գործընթացների նկատմամբ վերահսկողության ապահովմանը։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել համակարգի թափանցիկությունը, ապահովել հեղինակների և կատարողների համար նախատեսված վճարների արդարացի բաշխումը և կարգավորել երաժշտական ստեղծագործությունների օգտագործման դիմաց վարձատրության վճարման գործընթացը։





