AM
10 Նոյեմբեր 2026 - 18:31 AMT

Նախագիծ․ Կհստակեցվեն մինչև 18 տարեկանների աշխատանքի ժամային սահմանափակումները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է հստակեցնել մինչև 18 տարեկանների աշխատանքի ժամային սահմանափակումները, ծնողական ժամի օգտագործումը և մի շարք այլ հարցեր: Նախագծի նպատակն է կատարելագործել աշխատանքային օրենսդրությունը և լուծումներ առաջարկել դրա կիրառման ընթացքում առաջացող խնդիրներին։

Առաջարկվող փոփոխությունների կարևոր ուղղություններից մեկը վերաբերում է ծնողական ժամի տրամադրման գործող կարգին։

Վերանայվելու են ծնողական ժամի տրամադրման կարգավորումները. մասնավորապես, առաջարկվելու է կոնկրետացնել ծնողական ժամի տրամադրման նպատակները, հստակեցվելու են առանձին դեպքերում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ ծնողական ժամի օգտագործման առանձնահատկությունները։

Հստակեցվելու են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման ժամային սահմանափակումներն ու առանձնահատկությունները՝ ապահովելու աշխատանքային գործունեության և կրթության արդյունավետ համատեղելիությունը, ինչպես նաև առաջնահերթություն տալու նրանց կրթական գործընթացին։

Օրենսդրական փաթեթի մյուս բաղադրիչը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքմանը։ Առաջարկվում է հստակեցնել այն ընթացակարգը, որով թղթային տարբերակով կնքված աշխատանքային պայմանագրերը պետք է մուտքագրվեն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։

Նախատեսվող կարգավորումը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ նշված անձանց հետ աշխատանքային հարաբերությունները ձևակերպվում են թղթային պայմանագրի միջոցով։

Փոփոխություններ են առաջարկվում նաև սեզոնային և ժամանակավոր աշխատանքների համար կնքվող պայմանագրերի վերաբերյալ։

Մասնավորապես, նախատեսվում է հստակեցնել այդ պայմանագրերի գործողության ժամկետի ավարտով պայմանավորված լուծման ընթացակարգերը։ Նպատակն է առավել որոշակի դարձնել պայմանագրային հարաբերությունների դադարեցման իրավական հիմքերն ու դրանց կիրառման կարգը։

Նախագծով նախատեսվում է նաև աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխման նոր հնարավորություն։

Առաջարկվող կարգավորման համաձայն՝ կողմերը կարող են գրավոր համաձայնությամբ փոփոխել աշխատանքի էական պայմաններից մեկը կամ մի քանիսը՝ առանց նման փոփոխության համար օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության և նախնական ծանուցման սահմանված ժամկետները պահպանելու անհրաժեշտության։

Այսպիսով, նախատեսվում է ընդլայնել աշխատանքային հարաբերությունների կողմերի՝ փոխադարձ գրավոր համաձայնությամբ պայմանները վերանայելու հնարավորությունը։

Ներկայացված փոփոխությունները դեռևս նախագծային փուլում են և դրվել են հանրային քննարկման։