AM
10 Նոյեմբեր 2026 - 16:27 AMT

Գալյան․ Գևորգյանի ինքնազգացությունից բողոքել է միայն դեպքի օրը՝ վաղ առավոտյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, անդրադառնալով առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին, ասել է, որ վերջինս միայն վաղ առավոտյան է առաջին անգամ գանգատվել ինքնազգացողության վատթարացումից։

«Գանգատը եղել է միայն դեպքի օրը՝ վաղ առավոտյան։ Ժամը 07:55-ի սահմաններում նրան այցելել է բուժակը և կատարել առաջնային զննություն։ Կարճ ժամանակ անց կանչվել է շտապօգնություն, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, որ Գևորգյանը կալանքի տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում առողջական վիճակի վատթարացման կամ որևէ այլ առողջական խնդրի վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել։

«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- հայտարարել է Գալյանը։

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում մահացության վերաբերյալ լրագրողի դիտարկմանը՝ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախորդ և ընթացիկ տարիների համեմատական տվյալները։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան ավելի քան 20 դեպք, մինչդեռ ընթացիկ տարում, ըստ նախարարի ներկայացրած տվյալների, Արսեն Գևորգյանի մահը չորրորդ դեպքն է։

Գալյանը նաև ընդգծել է, որ անազատության մեջ երբեմն հայտնվում են մարդիկ, որոնք արդեն ունեն առողջական խնդիրներ, ինչպես նաև անձինք, որոնց մոտ այդպիսի խնդիրներ կարող են առաջանալ կալանքի ընթացքում։

Լրագրողներից մեկը նախարարին հարց է ուղղել ընդդիմադիր շրջանակների հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչները Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրել են իշխանություններին՝ պնդելով, որ երկրում իրականացվում են քաղաքական դրդապատճառներով կալանավորումներ։

«Մենք միշտ ասում ենք, և ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։ Ենթադրյալ կատարված արարքներին պետությունը միշտ պետք է տա պատշաճ արձագանք։ Դա պետության գործառույթն է՝ հետևել հանցագործություններին և դրանց բացահայտմանը»,-ասել է նա:

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը պահանջել է Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների անկախ և հրապարակային քննություն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։

Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։ Կալանքը բացառիկ խափանման միջոց է, ոչ թե մարդուն պատժելու, ճնշելու կամ նրա կամքը կոտրելու գործիք։

Անմեղության կանխավարկածը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, ոչ թե դատարկ ձևակերպում։

Եթե պետությունը մարդուն զրկում է ազատությունից, ապա պարտավոր է նաև երաշխավորել նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը։

Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է ենթարկվեն անկախ, ամբողջական և հրապարակային քննության։ Պետք է պարզվի բժշկական օգնության պատշաճությունն ու պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները։

Մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը։

Հ.Գ. Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա»,- նշել է Մխիթարյանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել:

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։

Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը