Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է հրապարակել «Հանրապետական» մարզադաշտում թուրք նկարահանողների ներկայության վերաբերյալ՝ նշելով, որ ՈւԵՖԱ-ն ՀՀ է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների:
«Հեռարձակման կենտրոնացված համակարգին անցնելուց հետո՝ արդեն ավելի քան 10 տարի, Հայաստանում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի նկարահանումներն իրականացնում է բացառապես ՈւԵՖԱ-ն։
Միջազգային կառույցը Հայաստան է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների։ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից աշխատակիցների ընտրության գործընթացի վրա։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի ընթացիկ մրցափուլի հանդիպումների, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների նկարահանումներն իրականացնում են նույն աշխատակիցները։
ՀՖՖ-ն վերահաստատում է, որ տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, և աշխատակիցների ընտրության հարցում ֆեդերացիան որևէ դերակատարում չունի», ասվում է հայտարարության մեջ:





