ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և նրա կնոջ դեմ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու միանգամից մերժվել։
Դատարանը վերահաստատել է, որ միայն նվիրատվության գործարքի և/կամ դրան նախորդող գործողությունների/անգործության, ակտերի իրավաչափության վերաբերյալ կասկածը կամ դրանց հնարավոր արատը բավարար չեն գույքն օրենքի իմաստով ապօրինի ծագում ունեցող ճանաչելու համար, հայտնում է «Փաստիֆոն»:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի վարույթում է գտնվել ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալերի Օսիպյանի և նրա տիկնոջ գործը, որի շրջանակներում, ըստ դատախազության, բռնագանձման ենթակա է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի 84 %-ը, ավտոկայանատեղու 96 %-ը, Լեքսուս մակնիշի տրանսպորտային միջոց, Երևանում բնակարանի 2/5-րդ մասն ամբողջությամբ, ավանդ, Կոտայքի մարզում գտնվող բնակարան, 48,004,645 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 42,891,376 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Նշվում է, որ Կոտայքի մարզում վիճարկվող բնակարանն Օսիպյանը նվեր է ստացել պետությունից, սակայն դատախազությունը, չգիտես ինչու այն ապօրինի է որակել ու պահանջել բռնագանձել այն, ինչպես նաև հողամասի տնօրինման արդյունքում անցած տարիների ընթացքում ստացված եկամուտը։ Սակայն դատարանում իրադարձություններն այլ կերպ են զարգացել, այն է՝ դատարանը նվեր ստացած տան մասն առանձնացրել է ընդհանուր հայցից և քննել արագացված կարգով, ապա մերժել՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։
Գործին կցված է դատախազության կողմից ներկայացված գույքի նվիրատվության պայմանագիրը, որով հաստատվում է, որ Օսիպյանը ՀՀ-ից անհատույց` որպես նվեր է ստացել տվյալ անշարժ գույքը: Սա արձանագրելով դատարանը միաժամանակ նշել է, որ պահանջի հիմքում դատախազության դրած փաստակազմը չունի այնպիսի բավարար իրավական և փաստական նշանակություն, որը թույլ կտա եզրակացնել, որ գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում պատասխանողի՝ Օրենքով նախատեսված օրինական եկամտի աղբյուրով:





