AM
12 Նոյեմբեր 2026 - 13:29 AMT

«Կոմիտաս պարկի» բնակիչների գազաֆիկացման խնդիրը կարգավորվել է

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջամտությամբ «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազաֆիկացման խնդիրը լուծում է ստացել։ Բնակիչները ներկայացրել են նաև այլ մտահոգություններ։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի բնակիչների մասնակցությամբ։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանել է, որ հանդիպման հիմնական նպատակն է անմիջապես բնակիչներից տեղեկանալ կառուցապատողին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին, ինչպես նաև ծանոթանալ նրանց հուզող մյուս հարցերին։

«Սպառողի օգնական» էլեկտրոնային հարթակի միջոցով համալիրի բնակիչներից ստացված դիմում-բողոքների հիման վրա նախկինում վարույթներ են հարուցվել կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ի նկատմամբ։

Իրականացված վարույթների ուսումնասիրության արդյունքում ընկերության նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև սահմանվել են մի շարք պարտադիր հանձնարարականներ։ Դրանք ուղղված են եղել բնակիչների մատնանշած խնդիրների կարգավորմանը, այդ թվում՝ շենքերի գազաֆիկացման ապահովմանը, գազամատակարարման բաժանորդ դառնալու համար կառուցապատողի համաձայնությունը ստանալու դիմաց գանձված գումարների վերադարձին և այլ հարցերի լուծմանը։

Միաժամանակ խնդիրը կարգավորվել է նաև համակարգային մակարդակում։ Հանձնաժողովը հարցը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի ընդունած որոշմամբ հստակեցվել է գործող ընթացակարգը։ Մասնավորապես, ամրագրվել է, որ նորակառույց շենքում գազամատակարարում ունենալու համար բնակիչը պարտավոր չէ ստանալ կառուցապատողի համաձայնությունը, առավել ևս՝ դրա համար որևէ գումար վճարել։

Հանդիպմանը մասնակցած բնակիչներն ընդգծել են, որ հանձնաժողովը միակ պետական մարմինն է, որը գործնականում կարողացել է լուծում տալ գազաֆիկացման հարցին:

Այդուհանդերձ, բնակիչները հանդիպման ընթացքում բարձրաձայնել են նաև բնակելի համալիրին առնչվող մի շարք չկարգավորված խնդիրներ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շենքի շահագործման ակտի բացակայությանը, բնակարանների փաստացի մակերեսների և նախատեսված չափերի միջև էական տարբերություններին, կառուցապատողի խոստացած ենթակառուցվածքների ապահովմանը, ինչպես նաև այլ մտահոգիչ հարցերի։